Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ բոլորը լսելու ժամանակ փոքր էր մնում, որ ես հայտնեի դառն իսկությունը։ Բայց ես դարձյալ զսպեցի ինձ, որ ոչ ոքի չասեմ, մինչև քավոր Պետրոսին չտեսնեմ։ Բայց գուցե դա շատ ուշ կլիներ։ Մնում էր մի օր. մյուս օրվա առավոտը վարպետիս պիտի դուրս բերեին դատապարտության հրապարակի վրա...։ «Վնաս չունի, մտածեցի ես, եթե այսօր չկարողացա գտնել քավոր Պետրոսին, ես ինքս անձամբ կներկայանամ գլխավոր դատավորին, բոլորը մի ըստ միոջե կհայտնեմ, ինչ որ կատարվել է»...։

— Դու կմնաս այստեղ, մեր տանը,— ասաց Սառայի հայրը։— Այստեղ կան ապահով տեղեր քեզ թաքցնելու համար, ես կպահեմ քեզ, մինչև վտանգն անցնի։

— Ապա մորս, քույրերիս չի՞ պիտի տեսնեմ,— հարցրի ես։

— Հարկավոր չէ նրանց տեսնելու համար անպատճառ ձեր տունը գնաս, նրանց այստեղ էլ կարող ես տեսնել։

Նա դարձավ դեպի Սառան, ասելով.

— Գնա՛ խնամի Նազանիին կանչիր այստեղ. չասես Մուրադը եկել է, ասա միայն, թե հայրս կանչում է։ Ո՞վ գիտե, կնամարդ է սիրտը բարակ կլինի, կարելի է որդու անունը լսելով, կսկսե զանազան անզգույշ ձայներ բարձրացնել և հարևանների ուշադրությունը յուր վրա կդարձնե։

Սառան վազեց դեպի մեր տունը։

Իմ գրիչը անզոր է նկարագրելու այն անսահման ուրախությունը, որով մայրս հանդիպեց ինձ։ Մարդկային լեզուն դեռ չէ ստեղծել այն բառերը, որ ընդունակ լինեին արտահայտելու մոր սրտի զգացմունքները, մոր սրտի ցավերը։

Քույրերս նույնպես, քնից դեռ նոր էին վեր կացած, իսկույն ինձ մոտ վազեցին, երբ Սառայից իմացան իմ գալուստը։ Նրանց գգվանքը, նրանց հրճվանքը նույնքան հրեշտակային էր, որպես նրանց սիրտը։ «Դու այլևս չես գնա, դու մեզ մո՞տ կմնաս», անդադար հարցնում էին նրանք։ Ես ոչինչ չէի գտնում պատասխանելու։

Մայրս հավանեց Սառայի հոր կարգադրությունը, որ ինձ իրանց մոտ էր պահել և չէր թողել, որ մեր տունը գնամ, որովհետև գյուղի գզիրը (տանուտերի օգնականը) ամեն առավոտ գալիս էր մեր տունը ինձ որոնելու համար։

Չնայելով, որ այդ բոլորը ինձ մեծ ուրախություն էր պատճառում, կրկին տեսնում էի մորս, քույրերիս, կրկին գտնվում էի այն շրջանի մեջ, որ երեխայությունից ինձ սիրելի էր,— բայց միևնույն ժամանակ մի դառն անախորժ զգացմունք տանջում էր ինձ՝