երբ մտաբերում էի, որ ես մի թշվառ հանցավոր եմ, ինձ որոնում են, ինձ կամենում են կալանավորել...։ Մորս և բոլոր բարեկամներիս ջանքն այն էր, որ ես չբռնվեմ, որ ինձ բանտը չնետեն։ Բայց մի՞թե դրանով կհանգստանա իմ խիղճը, մի՞թե ես կարող էի մոռտնալ ա՛յն, ինչ որ գործել էի... ա՛յն, որի պատճառով պատժվում էին անմեղ մարդիկ․․․։
Մայրս սկսեց շնորհակալություն հայտնել Սառայի հոր մասին, թե նա ամեն կերպով պահում էր և պաշտպանում էր մեր ընտանիքը, եթե նա չլիներ, սարվազները և ֆերրաշները ավելի նեղություններ կտային։ Եվ ավելացրեց, որ իմ հորեղբայրը իրան այնպես հեռու էր պահում, որ ամենևին չէր ուզում լսել, թե յուր եղբոր ընտանիքը չարչարվում է բարբարոսների ձեռքում և այլն։
— Իսկ քավոր Պետրո՞սը,— հարցրի ես։
— Աստված նրան բարի՛ տա,— պատասխանեց մայրս մի առանձին զգացմունքով։— Այդ պատվական մարդը հանգստություն չուներ, օրն մի քանի անգամ գալիս էր մեր մոտ, սիրտ էր տալիս, մխիթարում էր, ասելով, մի՛ վախեցեք, աստված ողորմած է, այդ բոլորը կանցնի։ Նա ասում էր, որ շատ անգամ աստված յուր ստեղծածներին փորձելու համար փորձանքի մեջ է ձգում. օրինակ էր բերում Հոբ երանելիի կրած տանջանքները և ուրիշ, շատ բաներ սուրբ գրքերից։
«Գարշելի»... ասացի մտքումս, և զսպելով իմ վրդովմունքը, հարցրի.
— Հիմա նա ո՞րտեղ է։
— Քանի շաբաթ է, որ չէ երևում,— պատասխանեց մայրս։— Մի անգամ եկավ ինձ մոտ, ասաց, Նազանի, ես գնում եմ Մուրադին որոնելու, ջահել տղա է, անփորձ է, չլինի թե բռնվի․ մենք նրան պետք է թաքցնենք, մինչև աստծո բարկությունն անցնի։ Խե՜ղճ մարդ, արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա աչքերից, կարծես յուր հարազատ որդու համար էր լաց լինում։
Այդ միևնույն խոսքերը ասաց ինձ քավորկինը։ Բայց ես շատ լավ էի հասկանում, թե քավոր Պետրոսը ինձ ի՛նչ մտքով էր որոնում...
Սառայի հայրը գնաց եկեղեցի, ոչ այնքան աղոթելու համար, որքան լսելու, թե մարդիկ դրսում ինչ են խոսում։ Մեր գյուղացիները սովորություն ունեին ժամից դուրս գալուց հետո հավաքվել եկեղեցու բակում և զանազան բաների վրա խոսել։ Նա պատվիրեց ինձ, որ իրենց տանը մնամ, մինչև յուր վերադարձը։