Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոր սերը, քույրերիս հրճվանքը, Սառայի ներկայությունը առժամանակ մեղմացրին իմ մեջ այն կատաղությունը, որ տիրել էր իմ սրտին այդ տունը մտնելուց առաջ։ Թանկագին բարեկամներիս ջերմ գգվանքը, նրանց անկեղծ փաղաքշանքը կարծես թե թմրեցրին իմ զգացմունքները մի տեսակ անբացատրելի արբեցության մեջ, մոռանալ տալով այն բոլոր նախամտածությունները, որ ես վճռել էի սիրելի վարպետիս ազատության համար։

Սառան ուրախ էր, ինչպես մի գարնանային ծիծեռնակ, նա անդադար ճախրում էր իմ շուրջը, աշխատելով կատարել մինչև անգամ իմ ամենափոքր հաճույքները։ Քույրերս չէին հեռանում իմ մոտից, անթիվ հարցեր էին առաջարկում, ուզում էին խոսել, անընդհատ կերպով խոսել ինձ հետ։ Մայրս նստած էր իմ մոտ, և իմ աջը բռնած յուր ձեռքի մեջ, զմայլած նայում էր իմ երեսին և երբեմն խուլ հառաչանքներ էր արձակում։ Խե՜ղճ կնիկ, ո՛րքան ցավեր, ո՛րքան տրտմություններ թաքնված էին նրա բեկյալ սրտի մեջ... Սիրելի ամուսնի կորստից հետո, նա միայն իմ մեջ էր գտնում յուր մխիթարությունը... ես էի նրա տան սյունը... ե՛ս պիտի վառ պահեի հայրենական օջախի կրակը... նրա բոլոր հույսերը ինձ վրա էին գրված...։ Իսկ ա՞յժմ։— Այժմ ամեն հույս պիտի խորտակվեր, այժմ մայրական բոլոր բաղձալի փափագները պիտի ոչնչանային...։ Նրա որդին մի սարսափելի հանցավոր էր, որին վաղ թե անագան գուցե կախաղան կբարձրացնեին...։

Երևի այդ դառն մտածմունքներն էին պաշարել մորս, որ նա այնքան տխուր էր։ Բայց նա ինձանից թաքցնում էր յուր վշտերը, որ ինձ ավելի ցավեր չպատճառե։

Սառայի հայրը վերադարձավ եկեղեցուց բավական ուշ. նա պատմեց մեզ շատ նորություններ և ի միջի այլոց հայտնեց, որ քավոր Պետրոսին տեսնողներ են եղել Հին քաղաքում, նա ասել է, որ երեկոյան կվերադառնա յուր տունը։ Այդ լուրը ինձ սաստիկ ուրախություն պատճառեց։ «Վերջապես նա իմ ճանկը կընկնի, և ես գիտեմ ինչ կանեմ»...— մտածում էի ես և մեծ անհամբերությամբ սպասում էի երեկոյին։

Բայց երեկոյան մի քանի անգամ մարդ ուղարկեցինք նրա տունը, պատասխան ստացանք, թե դեռ չէ եկել։ Ես դարձյալ սկսեցի անհանգիստ լինել, դարձյալ դառն մտածություններ պաշարեցին ինձ. հուսահատությունը խեղդում էր ինձ, չգիտեի, թե ինչ պետք է անել։

Արևը մտավ, մութը պատեց աշխարհը։ Դա տագնապի վերջին