Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աչքերս կրկին փակեցի, մտածելով, թե արդեն անցավ սոսկալի տեսիլքը։ Դարձյալ միևնույն երազի շարունակությունը.— նույն հրապարակը, նույն բազմությունը, նույն մարդիկը կախված ծառերի ճյուղից։ Բայց տեսարանն այժմ մասամբ փոխվել էր։ Հրապարակի կենտրոնում, դահիճը, ոտից ցգլուխ կարմիր հագած, ձեռքում սրում էր դանակը։ Նրա մոտ կանգնած էր թշվառ դատապարտյալը, գունաթափ, մաշված և կիսամեռ։ Բանտը խլել էր նրանից ամեն կենդանություն։ Ես հազիվ կարողացա ճանաչել նրան։ Դա իմ վարպետն էր, այն բարի արհեստավորը, որ այնքան սիրում էր ինձ, այն մարդը, որ հոր նման ուրախանում էր, երբ տեսնում էր իմ հառաջադիմությունը արհեստի մեջ, այն մարդը, որ խոստանում էր բախտավորացնել ինձ, առանձին արհեստանոցի տեր շինել։ Բայց ինչո՞վ վարձատրեց նրա առաքինությունները ապերախտ աշկերտը,— դավաճանությամբ։ Այդ պատիժը, որ կրում էր անմեղ մարդը, իմ պատճառով էր։ Ե՛ս ձգեցի նրան այդ սոսկալի փորձանքի մեջ...

Այդ մտածությունների հուզմունքի մեջն էի ես, երբ դահիճը մոտեցավ դատապարտյալին։ Ամբողջ բազմությունը դղրդաց մի խուլ, գերեզմանական շշնջյունով։ Կարծես բոլորի բերանից լսվում էր «անմե՜ղ» բառը։ Ես համբերել չկարողացա։ Խելագարի նման ճչալով, աղաղակելով, պատառեցի խիտ ամբոխը և մի ակնթարթում հայտնվեցա դահիճի մոտ։— «Կտրեցե՛ք իմ ձեռքը,— գոչեցի ես որոտի ձայնով,— այդ ձեռքն է շինել այն բանալին»...։ Ամբողջ բազմության վրա տիրեց խորին ապշություն։

Այդ ձայնի հետ ես արթնացա։

Օրը լուսացել էր արդեն․ արևի առաջին ճառագայթները անցել էին իմ քնարանի մեջ։ Մայրս դարձյալ նստած էր իմ անկողնի մոտ, իսկ փոքր-ինչ հեռու կանգնած էր մի մարդ։

Մայրս սարսափեց, երբ լսեց իմ վերջին խոսքերը, բայց կանգնած մարդը հանգստացրեց նրան, ասելով.

— Խեղճ տղան երազների մեջ է խոսում։

Երբ ուղիղ նայեցի այդ մարդու երեսին, տեսա, որ նա մեր քավոր Պետրոսն էր։ Նրա երևութը ինձ բոլորովին սթափեցրեց իմ անրջային զառանցություններից։ Ես այժմ գտնվում էի կատարյալ արթնության մեջ, բայց դարձյալ կրկնեցի նույն խոսքը, որ ասել էի երազիս մեջ.

— Այո՛ , ես եմ շինել այն բանալին...

Չգիտեմ քավոր Պետրոսը ի՞նչ ասաց, ի՞նչ ակնարկություն