Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արեց դեպի իմ մայրը, միայն այսքանը տեսա, որ նա հեռացավ իմ քնարանից, ես և քավոր Պետրոսը մնացինք միայնակ։

Ես զգում էի ինձ բավական լավ. գլխիս ցավն անցել էր. մարմնիս ջերմությունը մեղմացել էր, միայն անդամներիս մեջ տիրում էր մի տեսակ հոգնածություն, մի տեսակ թուլություն։ Այսուամենայնիվ ես վեր կացա անկողնից և հագնվեցա։ Քավոր Պետրոսը օգնեց ինձ լվացվելու։ Սառը ջուրը բավական զովացրեց իմ գլուխը, բավական կազդուրեց իմ բորբոքված ուղեղը։

Մարդկային բնավորության մեջ երբեմն կատարվում են այնպիսի հոգեբանական փոփոխություններ, որ շատ դժվար է լինում բացատրել։ Կան մարդիկ, որոնց վրա որքան և զայրացած լինես, որքան և նախապատրաստված լինես նրանց հանդիմանելու, անարգելու և մինչև անգամ սպանելու, բայց հենց որ նրանց երեսը տեսնում ես, իսկույն կարծես մի մոգական ազդեցությամբ, քո սրտի և հոգու նախկին լարված տրամադրությունը թուլանում է, բարկության խստությունը մեղմանում է, և դու ընկնում ես կատարյալ սառնասրտության մեջ։ Նույն ազդեցությունը գործեց ինձ վրա և քավոր Պետրոսը։

Ես նրա դեմ զայրացած էի։ Ես մահվան չափ ատում էի այդ գարշելի մարդուն, ես վճռել էի վարվել նրա հետ վրեժխնդրության բոլոր բարբարոսությամբ, բայց հենց որ նրա պատկառելի երեսը տեսա, իմ բոլոր սրտմտությունը, իմ բոլոր կրքերը փշրվեցան, խորտակվեցան այդ խորհրդավոր մարդու կախարդիչ զորության առջև...։ Չգիտեմ ինչի՞ն պետք էր վերաբերել այդ փոփոխությունը․ արդյոք իմ պատանեկական բնավորության թուլությա՞նը, թե իմ կամքի անհաստատությանը..․։

Բայց ես այնքան քաջություն ունեցա, որ պահանջեցի առանձնության մեջ խոսել նրա հետ։

— Ես էլ դրա համար հեռացրի քո մորը,— ասաց նա մեղմությամբ և նստեց իմ մոտ։

— Մուրադ,— շարունակեց նա, առանց թույլ տալու, որ ես խոսեմ։— Դու ցանկացար ինձ հետ առանձին խոսել. հասկացա քո միտքը և դրա համար գովում եմ քո խելացիությունը։ Բայց առանց քո խոսքերը լսելու, ես գիտեմ, թե դու ի՛նչ պիտի ասես ինձ։ Դու պիտի ասես, քավոր Պետրոս, այն բանալին, որ ես շինեցի քեզ համար, նրանով կատարվել է մի մեծ չարագործություն, գողացել են թանկագին իրեղեններ և որպես հանցավոր, բռնվել են և պատժվում են անմեղ մարդիկ։ Դու պիտի ասես, քավոր Պետրոս,