Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանալին քո ձեռքումն էր գտնվում, ուրեմն, թե՛ կասկածանքը և թե պատասխանատվությունը քեզ վրա է ընկնում։ Դու այնքան ազնիվ ես և բարեսիրտ, որ կպահանջես ինձանից, որ ես անպատճառ պատասխանատվությունը ինձ վրա առնեմ և ազատեմ անմեղ մարդիկներին դատաստանի բարբարոսություններից։ Իսկ եթե ես չլսեմ քեզ, դու այնքան անաչառ կլինես, որ չես թաքցնի չարագործությունը, կդիմես որտեղ հարկն է, կմատնես ինձ, և կհայտնես բանալիի ամբողջ պատմությունը...։ Կարծեմ ես նախագուշակեցի բոլորը, ինչ որ դու մտքումդ գրած ունեիր, այդպես չէ՞։

— Ուղիղ այդպես է։

— Սիրում եմ քո անկեղծությունը և ուրախանում եմ քո ճշմարտախոսության վրա։ Ես էլ, եթե քո տեղը լինեի, այդպես կվարվեի. ես էլ թույլ չէի տալ, որ չարագործությունը ծածկվեր, իսկ անմեղությունը նրա փոխարեն պատժվեր։

Ես չկարողացա իմ վրդովմունքը զսպել։

— Ուրեմն ինչո՞ւ թույլ տվեցիք, որ անմեղությունը պատժվի։ Մինչև այսօր ի՞նչ բանի էիք սպասում, որ ծածկեցիք չարագործությունը։ Մի՞թե ձեր պատճառով չէր, որ դժբախտ վարպետիս ամբողջ արհեստանոցը, կայքը, կալվածքը և բոլորը, ինչ որ ուներ, աճուրդով վաճառեցին, ու նրա ողորմելի ընտանիքը օրական հացի կարոտ թողեցին։ Միթե ձեր պատճառով չէ՞ր, որ խեղճ վարպետիս բանտի մեջ մաշեցին, իսկ հիմա, գուցե այս րոպեիս, դատապարտյալների հրապարակի վրա, դահիճը կտրում է նրա ձեռքը։ Ինչո՞ւ թողեցիք, որ այդ բոլոր բարբարոսությունները կատարվեին, եթե դուք խիղճ ունեիք, եթե ձեր սրտումը աստուծո երկյուղը կար, եթե դուք հարգում էիք արդարությունը։ Իսկ այժմ, երբ բանը բանից անցել է, նոր եկել եք ու իմ գլխին քարոզներ եք կարդում։

Նա պատասխանեց, պահպանելով յուր սառնասրտությունը.

— Իրավացի եմ համարում քո մանկական սրտի բարկությունը, շա՜տ իրավացի։ Դա մի լավ նշան է, որ դու բարոյապես փչացած տղա չես։ Բայց լսի՛ր, Մուրադ, լսի՛ր ցավալի իրողությունը։

Վերջին խոսքերը արտասանելու ժամանակ նրա զորավոր ձայնը սկսեց դողդողալ և աչքերումը հայտնվեցավ արտասուք։

— Այն խիթալի բանալին, որ դու շինեցիր ինձ համար, ես պահում էի իմ մոտ, իբրև մի անմոռանալի հիշատակ, որ հայրը կարող է ունենալ սիրելի որդուց։ Դա քո ձեռքի առաջին գործն էր և այդ պատճառով ինձ համար թանկագին էր։ Բայց երևում է, որ աստված կամեցել էր ինձ պատժել հենց այն բանով, որը իմ սրտին