Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ մոտ էր։ Հանկարծ բանալին անհայտացավ։ Ո՞վ տարավ, ո՞րտեղ կորավ,— մինչև այսօր մտածում եմ, մտածում և ոչինչով բացատրել չեմ կարողանում։ Նրա կորստից մի շաբաթ հետո կատարվեցավ քեզ հայտնի չարագործությունը։ Այն օրից ես ամեն տեղ ման էի գալիս, ամեն տեսակ հարցուփորձ գործի էի դնում, գուցե մի հնարքով կարողանամ երևան հանել կատարված եղելության գաղտնիքը։ Բայց իմ բոլոր ջանքերը անցան ապարդյուն։ Այժմ ես մոլորված եմ տարակուսությունների մեջ. մտատանջությունը խեղդում է ինձ. չգիտեմ, թե ի՛նչ պիտի անեմ, չգիտեմ, թե ինչո՞վ կարող եմ քավել այն հանցանքը, որ ինքս չեմ գործել, այլ իմ միամտության պատճառով կատարվել է...։

Նրա աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։ Այդ խոսքերը արտասանում էր նա մի այնպիսի մեղմ, համոզիչ և անկեղծ եղանակով, որ կարծես, ինքը ճշմարտությունը խոսում էր նրա շրթունքներով։

Ես հավատացի։

Ես այն հասակում հիմար տղա չէի, բայց այնքան խելահաս ևս չէի, որ կարսղանայի խորին կերպով քննել քավոր Պետրոսի խոսքերը։ Ես գոնե այնքան հասկացողություն չունեի, որ հարցնեի նրանից.— լավ,դիցուք բանալին քո մոտից անհայտացավ, կամ մի ուրիշ մարդ գողացավ քեզանից։ Բայց այդ ուրիշ մարդը ո՞րտեղից կարող էր գիտենալ, որ քո մոտ մի այսպիսի բանալի էր պահված։ Դիցուք թե չգողացան, այլ դու կորցրիր։ Բայց գտնողը ի՞նչպես կարող էր հասկանալ, որ այդ բանալին կբաց անե մի անհայտ երկաթե արկղի դռնակը, որը դրած է այսինչ ամրոցում։ Այդ հարցերից և ոչ մեկը չառաջարկեցի նրան, և ոչ հետաքրքիր եղա տեղեկանալու, թե այն ի՞նչ բանալի էր, որ դու առաջին անգամ տվեցիր ինձ և պատվիրեցիր նրա նմանը շինել։ Մի՞թե այդ բանալին հիշյալ արկղի իսկական բանալին չէ՞ր։ Ո՞վ տվեց քեզ իսկականը, կամ ի՞նչ նպատակով շինվեցավ երկրորդը։ Ինչո՞ւ էիր դու սկզբում ինձ ամենայն խստությամբ պատվիրում, որ իմ շինած բանալիի գոյության մասին ոչ ոքի հետ չխոսեմ, ոչ ոքի չհայտնեմ, մինչև անգամ իմ մորը։— Կրկնում եմ, որ այդ հարցերից և ոչ մեկը իմ մտքում չեկավ, որ առաջարկեի նրան։ Ես քարացածի նման մնացել էի ապշած, զարմացած, իմ ուղեղին տիրել էր մի տեսակ մթին թմրություն։