Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկատելով յուր խոսքերի ազդեցությունը, քավոր Պետրոսը մինչև անգամ ժամանակ չտվեց, որ ես կարողանայի մտածություններս ամփոփել և նրան մի բան ասել։ Նա շարունակեց.

— Այժմ, սիրելի զավակս, իմ խղճմտանքի վրա մի ծանր բեռն է դրված. ես քուն ու հանգստություն չունեմ. գիշեր ու ցերեկ տանջվում եմ այն մտածությունով, որ իմ անխոհեմությամբ պատճառ եղա մի աղետալի գործի և շատերին դժբախտության մեջ ձգեցի։ Չգիտեմ, ինչո՞վ կարող եմ քավել այս մեղքը։

Ես սթափվեցա։

— Նրանով,— պատասխանեցի,— որ հենց այս րոպեիս պիտի գնանք դատավորի մոտ և հայտնենք նրան, թե մի՛ կտրել տվեք այն անմեղ մարդու ձեռքը, որովհետև հանցավորը դուք եք։

— Ես այդ կանեի և մեծ հոժարությամբ կանեի, բայց նրա ձեռքը այլևս չեն կարող կտրել։

— Ինչո՞ւ։

— Այս առավոտ երբ գնացին, որ բանտից դուրս բերեն նրան և տանեն դատապարտյալների հրապարակի վրա վճիռը կատարելու, գտան բանտի դռները խորտակված, պահապաններից մի քանիսը սպանված, իսկ կալանավորը անհայտացած։

Իմ կյանքում ոչինչ ինձ այնքան չէ ուրախացրել, որքան ես ուրախացա, լսելով վարպետիս ազատության լուրը։ Ես իսկույն հիշեցի Կարոյի խոսքը, որ ասել էր ինձ, թե «Մենք նրան կփախցնենք»...։ Ընկերներս կատարեցին իրանց խոստմունքը, նրանք չխաբեցին ինձ։ Ես այդ մասին քավոր Պետրոսին ոչինչ չհայտնեցի, նկատելով, որ նա տեղեկություն չունի, թե ի՛նչ հնարքով կամ ո՛վքեր փախցրին նրան բանտից։ Միայն ասացի.

— Լավ, դիցուք թե նա փախչելով բանտից, դրանով կարողացավ յուր ձեռքը ազատել դահճի դանակից, բայց այնքան չարչարանքներ, այնքան վնասներ որ կրեց նա, տունից, կայքից, հարստությունից զրկվեցավ,— այդ բոլորը ոչի՞նչ, դուք ձեզ մեղապարտ չե՞ք համարում այդ բոլորի մեջ։

— Համարում եմ, ինչպե՞ս չեմ համարում։ Ինձ այնպես է թվում, որ այդ բոլոր վնասները ես պատճառեցի նրան։ Եթե ես այն անիծյալ բանալին շինել չտայի, այդ վնասները նրան չէին հանդիպի։ Բայց միայն աստծուն հայտնի է, թե որքան անպարտ եմ ես...։