Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես, որքան ես։ Այսինքն ուզում եմ ասել, որպես ես անգիտակցական պատճառ դարձա նրա անբախտությանը, այնպես էլ դու։ Կորստաբեր բանալին շինել տալու ժամանակ ես, իհարկե, չգիտեի, թե ո՛րպիսի չարիքների դուռն պիտի բաց անե նա. այնպես էլ դու չգիտեիր, երբ շինեցիր։ Ուրեմն մենք երկուսս էլ մեր անմեղությամբ՝ պատճառ դարձանք մի մեղավոր գործի։ Այդ մեղքը տարածվում է մեր երկուսի վրա։ Մի՞թե միասին չի պիտի քավենք նրան։

— Այո՛, միասին։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել։

— Ա՛յն, ինչ որ ես պիտի անեմ։ Դու անպատճառ պիտի գաս ինձ հետ. դու պիտի թողնես այդ երկիրը։ Լսիր, Մուրադ, քո վարպետը, իրավ է, ազատվեցավ պատժվելուց, փախավ բանտից, բայց դրանով գործը պետք է վերջացած չհամարել, ընդհակառակն, ավելի ծանրացավ։ Կառավարությունը այսուհետև ավելի խստությամբ կսկսե որոնել նրան և նրա մարդիկներին, որոնք նույնպես փախած են,— այսինքն քեզ։ Երբ քեզ բռնելու լինեն, այլևս փրկություն չկա, անպատճառ կախաղան կբարձրացնեն։ Այդ ես գիտեմ։ Քո անբախտ մայրը կմեռնի կսկծից, և քո հոր տան ճրագը իսպառ կհանգչի։ Եթե ցանկանում ես, որ քո կյանքը ապահով գրության մեջ լինի, պետք է անպատճառ հեռանաս այս երկրից։ Այստեղ պահվել չես կարող։ Կգնանք օտար աշխարհ, մի քանի տարի անց կկացնենք պանդխտության մեջ, փող կվաստակենք, հետո կվերադառնանք։ Մինչև մեր վերադարձը ամեն ինչ փոխված կլինի, ամեն բան մոռացված կլինի։ Պարսից դատարանների վճիռները ժամանակավոր են. փոխվեցան դատավորները, փոխվում են և վճիռները։ Ոչ ատենական դիվանագրություն կա և ոչ որևիցե արձանագրություն։ Ներկա մարդը չգիտե, թե յուր նախորդի օրերում ինչերին կատարվել։

Վերջացնելով յուր բացատրությունները, նա դարձավ դեպի ինձ, ուղիղ իմ երեսին նայելով.

— Ասա՛, համաձա՞յն ես ինձ հետ գալու։

— Ես համաձայն եմ, բայց չգիտեմ, թե մայրս ինչ կասե։

— Մայրդ շատ ուրախ կլինի։ Նա գիտե, որ դու այստեղ մնալ կարող չես. միշտ պետք է թաքնված լինես, միշտ պետք է փախստականի կյանք վարես։ Իսկ այսպես ապրել անկարելի է։

— Ուրեմն դուք խոսեցեք մորս հետ։

— Ես անպատճառ կառնեմ նրա համաձայնությունը։