Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս ու այն աղջկա, այս և այն նորափեսայի մասին, այս և այն հագուստի վրա, մի փոքր բամբասելուց, մի փոքր չարախոսելուց հետո օրիորդ Աննան առավ յուր փոքրիկ վարդագույն հովանին և հեռացավ։

Նրա գնալու ժամանակ օրիորդ Սոֆին խնդրեց շուտ-շուտ հաճախել յուր մոտ։ Օրիորդը շարժեց գլուխը և ասաց նրա ականջին․

— Ես մյուս անգամ կգամ քեզ մոտ, մեր խոսքը կիսատ մնաց…

Զ

Ազատվելով դպրոցի փակված վանդակից, այո՛, օրիորդ Սոֆին մտավ հասարակական կյանքի ընդարձակ ասպարեզը։ Բայց Հացի-Գելենց ընտանեկան շրջանը ո՛չ միայն անհամեմատ էր արտաքին աշխարհի պահանջմունքներին, այլ մի փոքրիշատե կրթված և կյանքի վայելչություններին սովորած օրիորդի համար, որպես օրիորդ Սոֆին էր, խիստ նեղ և նրա բաղձանքներին բոլորովին անգոհացուցիչ էր։

Մթին ու խոնավ սենյակներ, անզարդ և համարյա աղքատիկ կարասիք, անկանոն տնային կառավարություն, անկիրթ և կեղտոտ սպասավորներ և այլ զանազան անհարմարություններ առաջին օրից անտանելի եղան օրիորդին։ Դպրոցում կյանքի գաղափարական վայելչություններով միշտ հրապուրված կույսը որոնում էր արձակ կյանք, զվարճություն և ցանկանում էր իրան շրջապատել այն ճոխություններով, որոնց երազներով միշտ հրապուրված էր նրա երևակայությունը։

Բայց գիտենալով հոր խստասրտությունը, խղճալի օրիորդը չէր համարձակվում հայտնել յուր ցանկությունները, և այդպես տրտմությամբ անց էր կացնում յուր օրերը, մինչև մի անգամ մայրը, գտնելով նրան միայնակ յուր սենյակում, ընկղմված խորին տխրության մեջ, հարցրեց.

— Սոֆի, դու օրեցօր մաշվում ես, քո դեմքը միշտ տխուր է, ասա, սիրեկան, չլինի՞ հիվանդ ես դու։

— Ես հիվանդ չեմ, մայրիկ,— պատասխանեց օրիորդը հոգվոց հանելով։

— Ապա ի՞նչ է քո սրտի դարդը։

— Ոչինչ... — տխրությամբ պատասխանեց օրիորդը։

— Մի բան կա, ասա՛, սիրեկան։