Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

ՊԱՆԴԽՏՈԻԹՅՈԻՆ

Աշնան վերջը մոտեցավ։ Մեր գյուղը օրըստօրե ստանում էր տխուր կերպարանք։ Տերևաթափ այգիները կորցրին իրանց գեղեցկությունը և մերկ դաշտերի գունաթափ երեսը ներկայացնում էր մի հիվանդոտ պատկեր։ Ամեն երևույթ տրամադրում էր դեպի տխրությունը։ Թռչուններն անգամ լուռ էին և շտապում էին շուտով թողնել այդ երկիրը, որ այլևս նրանց ուրախացնել կարող չէր։

Միևնույն զգացմունքներով լի էր և իմ սիրտը։ Հայրենի երկիրը ինձ համար բանտ էր դարձել։ Ինձ թվում էր, որ բոլոր շրջապատող առարկաները այնքան ծանրացել էին իմ վրա, որ ճնշում էին, խեղդում էին ինձ և շունչ առնելու հնար չկար։ Ես կորցրել էի իմ ազատությունը։ Ես մի անբախտ փախստական և դեռ չպատժված հանցավոր էի։ Դրսից նեղացնում էր ինձ օրենքի ահն ու երկյուղը իսկ ներսից՝ խղճի խայթը...։

Մայրս շուտով կարողացավ հասկանալ իմ դրությունը. նա խելացի կին էր և մի օր դարձավ դեպի ինձ այս խոսքերով.

— Մուրադ, դու մեր երկրում անունդ կոտրեցիր... կեղծ դրամ դարձար... դու այլևս այստեղ չես մսխվի․․․

Այդ խոսքերի մեջ խառնված էր և՛ մոր սրտի կսկիծը, և մի դառն հանդիմանություն, որի նմանը մինչև այսօր լսած չէի նրանից։

— Ես այդ զգում եմ, մայրիկ,— պատասխանեցի ես։— Ես այդ գիտեմ, որ կեղծ դրամը ճանաչված տեղում այլևս չի մսխվի, բայց այդ դրությունից ազատվելու համար չգիտեմ, թէ ի՛նչ պետք է անեմ։

— Դու պիտի գնաս օտար աշխարհ, տացե աստված, որ այնտեղ օրինավոր մարդ դառնաս...։

Արտասուքը թույլ չտվեց նրան շարունակել յուր խոսքը։ Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։

Մայրս սկզբում ինձ բոլորովին անմեղ էր համարում, հավատացած էր, որ ես ոչնչով խառն չեմ վարպետիս արհեստանոցում կատարված գործի մեջ, և այդ պատճառով մխիթարվում էր, մտածելով, թե յուր որդին թեև հալածվում է, թեև կասկածանքի ենթակա է, բայց արդար է։ Իսկ սկսյալ այն րոպեից, երբ ես իմ անրջային տագնապի մեջ արտասանեցի այն աղետալի խոսքերը, թե «ես