Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ շինել այն բանալին» — այդ րոպեից նա համարում էր ինձ գող, ավազակ կամ ավազակների ընկեր։ Ես առիթ չունեցա նրան բացատրելու գործի իսկությունը, որովհետև այղ մասին նա ինձ հետ չէր ախորժում խոսել, որովհետև նրա կոտրված սրտին խիստ ծանր էր լսել, յուր կարծիքով, արդեն փչացած, անբարոյականացած և հանցավոր որդու դառն խոստովանությունները...։ Այդ մասին նա խոսացել էր միայն քավոր Պետրոսի հետ, իսկ քավոր Պետրոսը ի՞նչ էր ասել նրան, ինձ հայտնի չէր։ Միայն մորս վերջին խոսքերից, որ ասաց ինձ, թե «դու պիտի գնաս օտար աշխարհ, տացե աստված, որ այնտեղ օրինավոր մարդ դաոնաս»,— ես հասկացա, որ արդեն վճռված էր իմ մասին հեռանալ հայրենիքից։ Ես հարցրի.

— Մինչև այսօր օտար երկիր չեմ տեսել. ո՞ւմ հետ գնամ։

Նա պատասխանեց.

— Մեր քավոր Պետրոսը գնում է, դու էլ պիտի գնաս նրա հետ։

Ես ուրախացա։ Իսկ այդ բառերը արյան հետ բխեցին մորս սրտից։ Մինչև այսօր հիշում եմ, թե որքան գունաթափ ու որքան տխուր էր նրա դեմքը այդ խոսքերն արտասանելու րոպեում։ Բարեսիրտ մայր, նրան խիստ դժվար էր բաժանվել արդեն փչացած որդուց...։ Բայց մի՞թե փչացած էի ես։— Այդ հարցը դժբախտաբար մնաց անորոշ...։

Մորս փոքրիշատե մխիթարում էր այն միտքը միայն, որ յուր որդուն հանձնում է մի փորձված և հավատարիմ բարեկամի ձեռքը, որպիսին քավոր Պետրոսն էր և հույս ուներ, որ մի այսպիսի մարդու ձեռքում օտարության մեջ ես կուղղվեի և «օրինավոր» մարդ կդառնայի։ Բացի դրանից, նա մտածում էր, որ թողնելով հայրենիքը (այսինքն իմ հանցանքի գործված տեղը) և առժամանակ գնալով հեռավոր աշխարհ, ես եթե «օրինավոր» մարդ ևս չդառնայի գոնե իմ կյանքը կազատեի օրենքի և դատաստանի դատապարտությունից, որը, քավոր Պետրոսի ասելով, պիտի վերջանար կախաղանով։

Իմ մենտորի հետ մենք մի քանի օր առաջ արդեն վճռել էինք իմ պանդխտության մասին։ Մեզ մնում էր միայն ստանալ մորս համաձայնությունը։ Այդ ևս այժմ կայացավ։ Էլ ինչը կարող էր այնուհետև պահել ինձ հայրենի երկրում։ Բայց ես մոռացել էի մի բան— Սառայի սիրտը։ Մի՞թե կարող էի նրանից բաժանվել։ Այդ միտքը սկսեց տանջել ինձ։

Այն օրից, որ վերադարձել էի մեր գյուղը, ես պահվում էի Սառայենց տանը։