Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանը։ Սառան ամեն կերպով մխիթարում էր իմ դժբախտությունը, գրկում էր, համբուրում էր ինձ, ծածկում էր ինձանից յուր տխրությունը, աշխատում էր միշտ ուրախ ձևանալ, որպեսզի ինձ ևս ուրախացնե։

Մինչև վերջին օրը նրանից ծածուկ էի պահում իմ օտար երկիր գնալու խորհուրդը։ Ես միշտ երևակայում էի, թե որքան ծանր ազդեցություն պիտի աներ խեղճ աղջկա սրտին, երբ հանկարծ կլսեր, որ ընդերկար բաժանվելու է ինձանից։ Բայց իմ ակնկալության հակառակ, նա շուտով հաշտվեցավ այդ մտքի հետ։

Այն գիշերը, որի առավոտյան ես պիտի ճանապարհ ընկնեի, նա մտավ իմ սենյակը։ Տխրամած դեմքից արդեն նշմարվում էր, թե սիրտը որպիսի ալեկոծության մեջ է։ Բայց աշխատում էր զսպել իր խռովությունը։ Կատարվող պատրաստություններից նա արդեն հասկացել էր բոլորը։

— Մուրադ,— եղավ նրա առաջին խոսքը,— դու գնում ես օտար երկիր և այդ մասին ինձ ոչինչ չե՞ս ասում։

— Դու ո՞րտեղից գիտես։

— Մանիշակը ասաց ինձ։

Մանիշակը իմ մեծ քույրն էր, երևում էր, մորիցս տեղեկանալով, հաղորդել էր Սառային։ Ես չթաքցրի նրանից, հայտնեցի, թե վաղ-առավոտյան, դեռ լույսը չծագած, պետք է ճանապարհ ընկնեմ։ Խորին ցավակցությամբ սպասում էի, որ նա կսկսեր լաց լինել, կսկսեր աղաչել, պաղատել, որ ես չբաժանվեմ, չհեռանամ նրանից։

Դրանցից ոչ մեկը չեղավ։ Uառան խելացի աղջիկ էր, ավելի խելացի, քան թե ներում էր նրա հասակը և կրթությունը։ Նա բոլորովին նախապատրաստված էր եկել ինձ մոտ, յուր սրտի բոլոր ամրությամբ և յուր հոգու բոլոր քաջությամբ։ Նրա՝ արյունով լցված գեղեցիկ աչքերից նկատեցի ես, որ առաջուց թաքուն այնքան լաց էր եղել, այնքան տանջվել էր, որքան բավական էր յուր սիրտը հանգստացնելու համար։ Իսկ ինձ մոտ աշխատում էր որքան կարելի էր սառնասիրտ երևալ, մխիթարել ինձ, որովհետև ես ավելի անբախտ էի, քան թե նա։

— Երևի դու շատ պիտի տխրես, Սառա, որ ես գնում եմ օտար աշխարհ,— հարցրի ես։

— Ընդհակառակն, ես շատ ուրախ եմ, — պատասխանեց նա։— Օտար աշխարհ գնալով, դու միշտ իմը կլինես և ինձ համար կպահվես։ Իսկ այստե՜ղ…