Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանց սպասելու, որ ես նրան քշեի։ Մեր ճանապարհորդական զենքերը կազմված էին մի-մի հատ հաստ ցուպից, որ բռնած ունեինք ձեռքներիս։ Ավազակներից երկյուղ անգամ կրել ավելորդ էր, որովհետև բացի ավանակներից, նրանք չէին գտնի մեզ մոտ մի բան, որ փոքրիշատե արժեք ունենար։ Իսկ այդպիսի ստոր անասունները նրանք չեն տանում։

Ամբողջ օրը եղանակը պարզ էր, բայց երեկոյան սկսեց անձրև և ճանապարհի վրա գոյացավ սաստիկ ցեխ։ Ես իմ տրեխները հանեցի, գնում էի բոբիկ ոտքերով։ Խեղճ անասունները դժվարությամբ էին կարողանում փոխել իրանց քայլերը, որովհետև նրանց սուր-սուր սմբակները թաղվում էին կավի մեջ, էլ չէին դուրս գալիս։ Ես շատ տխրեցա, երբ նկատեցի, որ ավանակիս երկայն ականջները սկսեցին հետզհետե քարշ ընկնել։ Դա պարզ նշան էր, որ նա բոլորովին հոգնեցավ։

Գիշերից բավական անցել էր, երբ հասանք մի պարսկական գյուղ։ Բոլոր դռները կողպված էին, դրսում ոչ ոք չէր երևում։ Այստեղ պետք էր իջևանել, որովհետև թե՝ մենք և թե մեր անասունները սաստիկ հոգնած էինք, այլևս առաջ գնալ անհնարին էր։ Բայց ո՞ր դռանը մոտնում էինք, թակում էինք, թակում, ոչ ոք չէր ուզում բաց անել, երբ իմանում էին, որ մենք քրիստոնյաներ ենք։ Անձրևը հեղեղի նման թափվում էր. ես մինչև ոսկորներս թրջված էի։ Այդ դրության մեջ Քրիստոնյային անկարելի էր մտնել մահմեդականի տունը, յուր հպավորությամբ կարող էր ամեն ինչ պղծել։ Սառն քամին սկսեց սաստկանալ, ցրտից դողում էինք թե՝ ես և թէ քավոր Պետրոսը։

— Այդ անպիտանների հետ պետք է ուրիշ կերպ վարվել...,— ասաց քավոր Պետրոսը և մոտեցավ մի մեծ տան դռանը, սկսեց սաստիկ կերպով բախել։

Ներսից հարցրին.— ո՞վ է։

Քավոր Պետրոսը բարկությամբ պատասխանեց.

— Մուսուլմաններ, մեղք չէ՞ ձեզ համար, որ իսլամի որդիքը անձրևից ու ցրտից մեռնում են, իսկ դուք ձեր դռները չեք բաց անում նրանց առջև։

Ես սարսափեցա, տեսնելով, որ իմ մենտորը իրան ձևացնում էր մահմեդական։ Նա ինձ հրամայեց ոչինչ չխոսել, միշտ լուռ մնալ և ձևանալ որպես խուլ ու մունջ։ Շուտով դռները բացվեցան. մեր չորքոտանիքը տարան ախոռը, իսկ մեգ հրավիրեցին մի բավական մաքուր սենյակում։ Տան սարք ու կարգից երևում էր, որ մեր հյուրընկալը