Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ մայրը սկսեց նրան փայփայել։

Իսկ օրիորդ Սոֆին պատասխանեց նրան բավական զգայի եղանակով.

— Ի՞նչը կարող է ինձ ուրախացնել, որ չլինիմ տխուր. ես շրջապատված եմ այնպիսի անհարմարություններով, որ ամաչում եմ մինչև անգամ տեսնվել ընկերուհիներիս հետ։

— Ի՞նչպես,— հարցրեց մայրը զարմանալով։

— Այնպես, որ ինձ ևս վերջապես պետք է ծանոթանալ արտաքին աշխարհի հետ և ըստ այնմ հարկավոր է բարեկարգել իմ դրությունը, ինչ որ պահանջում են հասարակական կյանքի հարաբերությունները։

Մայրը համարյա ոչինչ չհասկացավ այդ խոսքերից. նա կարծեց, թե յուր աղջիկը ամուսնական ցանկություն ունի յուր սրտում։ Այդ պատճառով ասաց.

— Այն, որ դու ես ցանկանում, դեռ շուտ է, դրա համար քի՛չ մտածիր, միայն դու միշտ ի նկատի ունեցիր, որ քո մայրը բոլորովին անհոգ չէ քո մասին։

— Մայրիկ, դու բոլորովին չհասկացար ինձ,— նրա խոսքը կտրեց կարմրելով օրիորդը։— Ես կամեցա քեզ հայտնել բոլորովին այլ բան։

— Ի՞նչ բան։

— Այն, որ դու ինքդ էլ նկատում ես, թե մեր սենյակները որքան անհարմար են իմ կացության համար. դու գիտես, որ ես այսուհետև երթևեկներ շատ կունենամ։ Իսկ այսպիսի կեղտոտ տեղում չէ կարելի ընդունել մի օրինավոր մարդու։ Բացի սորանից, ես տակավին պատշաճավոր հագուստ ևս չունիմ, որ կարողանամ առանց ամաչելու հասարակության մեջ երևալ։ Պետք չէ՞ դրանց համար մտածել։

— Անպատճառ, իմ սիրելիս,— ասաց նրան մայրը՝ գգվելով։ — Այդ բոլորը, ինչ որ ցանկանում ես, գրե՛ մի թղթի վրա, որ չմոռանամ, երեկոյան հայրդ երբ փողոցից վերադառնա, ես կխոսեմ նրա հետ և բոլորը կկարգադրեմ։

Ուրախացած մոր հուսադրելով, օրիորդը վեր առավ մի թղթի կտոր և սկսավ գրել յուր ցանկացած իրերի ցուցակը։ Նա գրեց և գրեց, թղթի երեսը լքցրեց։ Եվ սկսավ կարդալ։ «Առաջին անգամ այս շատ կլինի, հարկավոր չէ հորս իսկույն վախեցնել»,— ասաց նա յուր մտքի մեջ և սկսավ տեղ֊տեղ ջնջել ցուցակից ամբողջ տողեր։ Վերջապես նրանից արտագրեց փոքրիկ թերթի վրա հետևյալները.