Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն օրը ես խելագարի նման էի և միշտ լաց էի լինում։ Բայց քավոր Պետրոսը մխիթարում էր ինձ, ասելով — «ղարիբի երեսը սև կլինի, իսկ ջիբը — լիքը»․․․։

Մյուս օրը մենք արդեն փող ունեինք։ Մեր ամենահարկավոր գնելիքը արտասահման գնալու համար՝ էր անցագիրը։

— Գիտե՛ս, Մուրադ,— ասաց ինձ քավոր Պետրոսը,— օտարության մեջ հաջողակ կերպով թափառելու համար ավելի լավ է մտնել ուրիշի մորթու մեջ։

Ես ոչինչ չհասկացա։

Նա բացատրեց.

— Պետք է անունդ, ազգանունդ, ծնած տեղդ, պարապմունքիդ անունը,— բոլորը փոխես։

Ես ապշած մնացի։

Նա շարունակեց.

— Քո անունը այսուհետև Մուրադ չէ, դու կոչվում ես Ամբրոսիոս։ Քո պարապմունքը, քո արհեստը դարբնութչուն չէ, դու այսուհետև եկեղեցու պաշտոնյա ես, դու սարկավագ ես։ Քո ծնված տեղը Սալմաստը չէ, դու երուսաղեմացի ես։ Եվ ուրիշ այսպիսի շատ բաներ ասաց նա, թե ի՛նչ էի ես և ի՛նչ պիտի լինեմ այսուհետև. բայց ես չթողեցի նրան վերջացնել, ընդհատեցի նրա խոսքը, հարցնելով.

— Լա՛վ, ի՞նչպես կարող եմ ես սարկավագ լինել, որ ամենևին կարդալ չգիտեմ և երբեք եկեղեցում չեմ երգել։

— Այդ միևնույն է,— պատասխանեց նա արհամարհանքով․— քեզ ինչ որ ասում են, այն լսի՛ր։

— Իսկ քո անունը և կոչումը ի՞նչ պիտի լինի։

— Իմ անունը Անտոնիոս է. ես հույն աբեղա եմ և Երուսաղեմի վանքի միաբան։

— Ե՞ս էլ հույն եմ։

— Դու էլ հույն ես։

Դարձյալ ազգուրացությո՞ւն...։

Ես չհակաճառեցի։ Ես հավատացի նրան, որ օտարության մեջ թափառելու համար այդ բոլոր պայմանները անհրաժեշտ էին։ Այն օր թուրքաց հյուպատոսից անցագրեր ստացանք միևնույն անուններով, որ մեր մեջ որոշել էինք։ Բայց զարմանալին այն էր, որ քավոր Պետրոսը հենց առաջուց ուներ յուր մոտ երկու անցագրեր միևնույն անուններով․ միայն հնացել էին, ժամանակները անցել էր։ Նա տարավ հյուպատոսի մոտ և նորը ստացավ։

Բայց քավոր Պետրոսը հիշյալ երկու անցագրով չբավականացավ։ Նա աշխատում էր ձեռք բերել զանազան անցագրեր