Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան անուններով, այլևայլ պարապմունքներով։ Թաբրիզում, Ատրպատականի այդ մեծ մայրաքաղաքում, այդ բոլորը հնարավոր էր։ Այնտեղ կային եվրոպական պետությունների բոլոր ներկայացուցիչները, որոնցից կարելի էր անցագրեր ստանալ։ Այնտեղ կային այլևայլ պետության հպատակներ, որոնք պարապում էին զանազան գործերով, որոնք կարող էին իրանց անուններով անցագրեր վեր առնել, տալ ուրիշներին, որ ուրիշները նրանցից օգուտ քաղեին, իսկ իրանք դարձյալ կմնային Թաբրիզում։ Բայց քավոր Պետրոսը գնեց մեծ քանակությամբ պարսկական անցագրեր։ Դրանք վաճառվում էին այնպես, ինչպես վաճառվում են տերության դրոշմավոր թղթերը։ Բավական էր ուղարկել պատահած մարդու ձեռքով անունների մի ցուցակ (իհարկե, նշանակելով յուրաքանչյուր անունի ներքո տարիքը, հասակը, դեմքը և այլն), և նա կտաներ թեսքիրաջիի մոտ, և նույն անունների համեմատ կգներ զանազան անցագրեր։ Թեսքիրաջի կոչում էին անցագրերի կապալառուին։

Չնայելով, որ քավոր Պետրոսը մի քանի օր առաջ իբրև մուրացկան կանգնած էր հայոց եկեղեցու դռանը և ձեռքը մեկնում էր ամեն մի անցնողին, բայց երևում էր, որ նա առաջուց ուներ յուր մոտ մի փոքրիկ գումար։ Նա գնեց մեծ քանակությամբ զանազան տեսակ անցագրեր։ Ես զարմանում էի, թե ի՞նչ նպատակի կարող էին ծառայել դրանք։ Մեզ բավական էր երկուսը միայն, և ունեինք արդեն, իսկ մնացածները ո՞ւմ համար էին։ Երբ հարցրի նրանից, նա ինձ ոչինչ չպատասխանեց։ Մեկի վրա գրած էր' «սպահանցի ակնաբույժ Հաջի-Աբդուլ-Հուսեին-Ղուլի֊էֆենդի», մի ուրիշի վրա գրած էր՝ «խորասանցի ակնավաճառ Մաշագի-Մուհամեդ-Ղուլի-աղա»։ Բայց ինձ շատ չէին հետաքրքրում այդ զանազան անունները, ինձ գրավեց մի այլ բան։

Մի օր քավոր Պետրոսը ինձ յուր հետ առնելով, գնացինք Թաբրիզի բազարը։ Այնտեղ գնեց նա զանազան տեսակի էժանագին իրեղեններ, որպիսին են՝ թել, ասեղ, հասարակ մատանիներ, ապակուց շինած գույնզգույն հուլուններ, երեխաների խաղալիքներ կանանց երեսը ներկելու դեղեր և այլ տեսակ վաճառքներ։ Այդ բոլորը այնպես փայլուն և խայտաճամուկ կերպով պատրաստված էին, որպես գիտե եվրոպացին ասիական ազգերի ճաշակին յուր վաճառքները հարմարացնել։ Ամբողջ մթերքը եղավ մի փոքրիկ արկղիկ բացի դրանից, քավոր Պետրոսը գնեց մի պարկի մեջ