Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավական մաստաք։ Այդ ամենը շալակած, ես հասցրի մեր իջևանը, որ եկեղեցու բակումն էր։

Նույն օրվա գիշերը նա ասաց ինձ.

— Մուրադ, այն գումարը, որ եկեղեցում հավաքվեցավ մեր գերիների փրկության համար, ես բոլորը քեզ եմ ընծայում, թե իմ մասը և թե քո մասը։ Այդ գումարով ես գնեցի այն իրեղենները, որ դու այսօր բազարից տուն բերեցիր։ Այդ իրեղենների վրա դու պիտի փորձես քո բախտը, թե որքան կհաջողվի քեզ առևտրական գործունեությունը։

Ես զարմացա քավոր Պետրոսի առատաձեռնության վրա։

— Ես երբեք վաճառականություն չեմ արել,— ասեցի նրան։

— Կսովորես... — ասաց նա և հրամայեց բերել մեր ավանակների փալանները։

Իսկույն վազեցի ախոռատունը և բերեցի փալանները։ Ես մինչև այսօր չեմ կարող զսպել իմ ծիծաղը, թե որպիսի խորամանկությամբ այդ հին մաքսանենգը սովորեցրեց ինձ, թե որպես պետք էր զանազան վաճառքներ փախցնել մաքսատնից։ Նա իմ ավանակի փալանի միջի եղած հարդը դուրս հանեց, և ինձ համար գնած իրեղենները մի այնպիսի ճարտարությամբ դարսեց հարդի տեղը, որ մաքսատան ամենահմուտ ծառայողն անգամ չէր կարող երևակայել, որ նրա մեջ կարող էին գտնվել թաքցրած ապրանքներ։ Բայց յուր ավանակի փալանի մեջ թաքցրեց նա ուրիշ իրեղեններ, որ ես տեսնել չկարողացա...։

Մյուս օրը առավոտյան մենք թողեցինք Թաբրիզը։ Չորրորդ օրը հասանք Երասխ գետին, որ բաժանում էր պարսից հողը Ռուսաստանից։ Մենք պետք է անցնեինք Ջուլֆայի կարանտինից, որ ռուսաց հողի վրա էր գտնվում։ Այստեղ էր և ռուսաց մաքսատունը։

Քավոր Պետրոսը տեսավ մի քանի պարսկաստանցի աղքատ հայեր, որոնք նույնպես կամենում էին անցնել սահմանը, բայց անցագիր չունենալու համար մնացել էին պարսից հողի վրա։

— Ո՞ւր պիտի գնաք, — հարցրեց նրանցից քավոր Պետրոսը։

— Գնում ենք Նախիջևանի, Երևանի կողմերը, — պատասխանեցին նրանք։

— Ի՞նչ գործով։

— Մշակություն անելու։

— Ապա ինչո՞ւ եք մնացել այստեղ։

— Անցագրի փող չունենք։