Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քավոր Պետրոսը ասաց, թե ինքը ունի մի քանի ավելորդ անցագրեր, կտա նրանց, միայն այն պայմանով, որ սահմանը անցնելուց հետո կրկին հետ դարձնեն իրան։

— Մեր դժվարությունը սահմանը անցնելն է,— պատասխանեցին նրանք,— այնուհետև ի՞նչ պետք է մեզ անցագիրը։

Քավոր Պետրոսը տվեց նրանց յուրաքանչյուրին մի-մի անցագիր, և մենք միասին անցանք Երասխ գետը։

Կարանտինի մաքսատնում, բացի մեր անցագրերին նայելը և ձեռք քաշելը, ուրիշ բան չեղավ։ Մեր ավանակների փալանների վրա ուշադրություն անգամ չդարձրին։

Մենք անցանք Երասխը առավոտյան և նույն օրվա երեկոյան պահուն հասանք Նախիջևան քաղաքը։ Մեզ հետ եկած մշակները մեծ շնորհակալությամբ հետ դարձրին քավոր Պետրոսից ստացած անցագրերը։ Եվ իրավ, այնուհետև նրանք անցագրի պետք չունեին, որովհետև պիտի գնային Պարսկաստանից գաղթած իրանց ազգայինների մոտ և մշակություն անեին։

Բայց ինձ զարմացնում էր մի բան․ քավոր Պետրոսը այն տեսակ մարդկանցից չէր, որ առանց նպատակի մի գործ կատարեր, ուրեմն ի՞նչ խորհուրդ կարող էր ունենալ մշակներին անցագիր տալը։ Ավելորդ էր մտածել, թե նրանց վրա խղճաց և կամեցավ օգնել նրանց։ Երբ այդ մասին հարցրի, նա պատասխանեց․

— Ինձ պետք էր, որ այդ անցագրերի վրա լիներ մաքսատան կնիքը և ստորագրությունը։

— Դուք ինքներդ կարող էիք ներկայացնել, որ կնքեին և ստորագրեին։

— Բանը նրանումն է, որ ես չէի կարող․ մի մարդ կարող է միայն մեկ անցագիր ներկայացնել։

— Բայց ի՞նչ հարկավոր է անպատճառ մաքսատան ստորագրությունը կամ կնիքը։

— Դա շատ հարկավոր է. դա նշանակում է, որ անցագրի տերը սահմանից անցնելու ժամանակ հայտնվել է, որտեղ որ հարկն է։

— Եվ դուք մշակներից օգո՞ւտ քաղեցիք։

— Նրանք ինձանից օգուտ քաղեցին, իսկ ես՝ նրանցից։

Ես դարձյալ չհասկացա այդ բոլոր ձեռնածության նպատակը։ Քավոր Պետրոսը իմ հետաքրքրությունը հանգստացրեց նրանով, որ ասաց, թե հետո կհասկանամ, երբ շատ բան կսովորեմ։

Նախիջևանում երկար չմնացինք։ Մենք իջևանել էինք մի կեղտոտ քարվանսարայում։ Հենց առաջին գիշերը քավոր Պետրոսը