Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրամայեց ինձ դուրս բերել իմ ավանակի փալանի մեջ թաքցրած վաճառքը։

Երբ ամենը դուրս բերեցի, նա ասաց ինձ բավական փաղաքշական եղանակով.

— Այդ բոլորը քեզ է պատկանում, իմ փոքրիկ մաքսանենգ, առավոտյան մի մանրավաճառ կբերեմ և բոլորը միանգամից կծախենք։

Ես երբեք այնքան ուրախ չեմ եղել, որպես այն գիշեր։ Մեծ անհամբերությամբ սպասում էի, մինչև առավոտը լուսանար և մաքսատնից փախցրած իմ մթերքը վաճառվեր։ Արևը այն առավոտ ծագեց ինձ համար որպես մի ավետաբեր հրեշտակ։ Քավոր Պետրոսը վաղուց գնացել էր փողոց՝ գնող հրավիրելու։ Վերջապես բերեց մի հայ մանրավաճառի։ Բավական խոսեցին, բավական բազար արեցին, հետո բարիշեցան։ Մանրավաճառը համբարեց արծաթը և մթերքը առնելով հեռացավ։ Քավոր Պետրոսը փողերը ինձ տվեց, ասելով․

— Բախտդ հաջողակ է. մի հարյուրին երկու հարյուր վաստակ ունեցար։

Ես ուրախությամբ ընդունեցի փողերը և լցրեցի այն քսակի մեջ, որ ստացել էի Սառայից որպես հիշատակ։ Այդ փողերը ինձ տալով, քավոր Պետրոսը վարվեցավ ինձ հետ նույն վարպետությամբ, որպես վարվում է խորամանկ որսորդը յուր անփորձ, դեռևս որսորդության չսովորած շան հետ։ Նոր սովորող շան առաջին որսը տալիս է իրան ուտելու, որպեսզի նա ավելի քաջալերվի, ավելի վստահություն ստանա․․․։ Բայց նրա ավանակի փալանի մեջ թաքցրած մթերքը ես չտեսա, թե ուր տարավ, կամ ինչ արեց․․.

Նույն օրը մենք դուրս եկանք Նախիջևանից և գնացինք Թումբուլ գյուզը։ Նախիջևանը կանգնած է մի բարձրավանդակի վրա, իսկ Թումբուլը գտնվում է համարյա նրա ստորոտում։

Մտնելով այդ գյուղը, ինձ թվում էր, թե իսկապես մեր գյուղումն եմ գտնվում։ Ոչինչ զանազանություն չկար։ Ես տեսնում էի տների նույն ձևը, որպես մեր գյուղումն էր, մարդկանց նույն բարբառը, նույն լեզուն, նույն ուրախ և անհոգ դեմքերը։ Հագուստների ձևն անգամ չէր փոխվել,— բոլորը նույնն էր։ Քավոր Պետրոսը ինձ ասաց, թե դրանք մեր գյուղացիներ են, ռուս-պարսկական 26 թվի պատերազմից հետո գաղթեցին և եկան հիմնեցին այդ գյուղը։

Թումբուլցիք չէին փոխել և՛ իրանց կենցաղավարության եղանակը, և իրանց պարապմունքները։ Դրանց էլ այս կողմերում կոչում