Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին «խաչագողներ»... Նոր երկիրը չուղղեց նրանց. նրանք պահպանեցին այն բոլոր հատկությունները, ինչ որ բերել էին իրանց հետ Պարսկաստանից...։

Ուղիղ տասը տարի էր անցել այն օրից, որ թումբուլցիք գաղթել էին Պարսկաստանից։ Մի այսպիսի փոքր ժամանակում իրանց գյուղը դրախտ էին դարձրել։ Քավոր Պետրոսին ամենքը ճանաչում էին, իսկ ինձ ճանաչեցին հորս անունով։ Այստեղ գտնվեցան ինձ ազգականներ, որոնց թվումն էր իմ մորաքույրը։ Մայրս շատ անգամ խոսացել էր ինձ յուր քրոջ մասին և միշտ մեծ կարոտությամբ էր հիշում նրան։ Քավոր Պետրոսը տարավ ինձ նրանց տուն։ Երբ մորաքույրս դուրս եկավ մեզ ընդունելու, քավոր Պետրոսը ինձ ցույց տալով, ասաց նրան.

— Ես չեմ ասի թե ով է, տեսնեմ կճանաչե՞ս։ Մորաքույրս նայեց իմ վրա և խորին հրճվանքով գրկեց ինձ բացականչելով.— ի՜նչպես չճանաչեմ... իմ Մուրադն է...

Նա երկար անմռունչ մնաց իմ կուրծքի վրա։

Եթե կանայք չլինեին, ես կարող էի համարձակ ասել, որ «խաչագողների» մեջ մարդկային սիրտ չկա։ Դրանց մոտ էր պահպանվել այն աստվածային ավանդը, որ կրում է յուր մեջ բոլորը, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ լավ է, ինչ որ առաքինական է։ Դրանք սիրտ ունեին։

Մորաքույրս շատ նման էր մորս, կարծես մի ձու լինեին մեջտեղից կես կիսած։ Նա տեսել էր ինձ յոթ տարեկան հասակում. այն օրից անցել էր ամբողջ տասը տարի, և իմ պատկերը մնացել էր նրա հոգու մեջ անմոռանալի։ Ես չեմ կարող նկարագրել այն սրտաշարժ տեսարանը յուր ամբողջ հոգեբանական բնավորությամբ, թե որպիսի հիացմունքով ընդունեց նա ինձ։ Ամբողջ ժամերով նայում էր իմ վրա, գրկում էր, համբուրում էր և ուրախանում էր։ —Իմ քույրը այժմ անբախտ չէ, ասում էր նա, որ ունի քեզ պես սիրուն տղա։

Քավոր Պետրոսը ինձ թողնելով մորաքրոջս տանը, ինքը հեռացավ, հայտնելով, թե մի քանի մարդկանց հետ գործեր ունի, պետք է վերջացնի։

Թումբուլցոց հյուրասիրությունը մեծ հռչակ է ստացել։ Երեք օր մեզ պահեցին այնտեղ, անդադար մի տնից մյուսը ման էին ածում։ Ամեն տեղ սփռված էր հացի սեղանը, ամեն տեղ կերուխումով և ուրախությամբ էինք անցկացնում։

Այդ խնջույքները ինձ հիշեցնում էին միևնույն զվարճությունները,