Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կատարվում էին մեր գյուղում։ Այստեղ ևս, երբ հրավիրյալների գլուխները տաքանում էին, սկսում էին մի առանձին կարծանքով պատմել իրանց քաջագործությունները զանազան երկրներում։ Նրանք հիշում էին այնպիսի երկրների, այնպիսի քաղաքների և այնպիսի ազգերի անուններ, որ ես բնավ չէի լսել։ Կարծես թե, այդ մարդիկը աշխարհի մի ծայրից մինչև մյուսը արշավել էին։ Քավոր Պետրոսը բոլոր ժամանակը լուռ էր մնում։ Նա լսում էր նրանց արկածների պատմությունը խորին սառնասրտությամբ, որպես մի հսկա, որ լսում է գաճաճների դատարկախոսությունը իրանց քաջագործությունների մասին և ժպտում է միայն։

Գիշերները ես անց էի կացնում մորաքրոջս տանը։ Նա երկար նստած իմ անկողնի մոտ՝ չէր թողնում ինձ քնել, անդադար խոսում էր, հարցնում էր Սավրայի մասին։ Հայրենիքի սերը դեռ մնացել էր նրա սրտում անմոռանալի։ Նա դեռ հիշում էր բոլոր արտերը, այգիները, պարտեզները, մինչև անգամ մեր գյուղի նշանավոր ծառերը։ Հարցնում էր սուրբ Հովհաննու մատուռի ուխտագնացության մասին. պատմում էր, թե յուր ժամանակում՝ որպիսի բազմությամբ էր կատարվում նրա տոնախմբությունը։ Խոսում էր կնիկների, աղջիկների սովորությունների մասին, թե ինչ խաղեր էին խաղում, թե որպիսի հանդեսներ էին կատարում երբ ուխտ էին գնում։ Հայրենական երկրի, հայրենական կյանքի բոլոր սիրելի պատկերները կենդանի մնացած էին նրա հիշողության մեջ։

Հազար անգամ հարցնում էր մեր ընտանիքի մասին միևնույն բաները և նրա հարցասիրությունը չէր հագենում։ — «Մորդ ծամերը խո չե՞ն սպիտակել». — «Քույրերդ ո՞րքան են մեծացել».— «Հիմա Նազլուն մարդու գնալու աղջիկ կլինի». — «Ձեր սպիտակ Վանի կատուն մնո՞ւմ է». — «Հիմա ո՞րտեղ եք պահում ձեր չորացրած մրգեղենները», — «Քանի՞ կով ունեք, օրական ո՞րքան կաթ են տալիս».— «Ո՞վ է կթում կովերը, ո՞վ է թխում հացը». — «Ձեր հարևան պառավ Գոզեն մնո՞ւմ է»։ —«Մայրդ ի՞նչ գույնով քող է կրում, քույրերդ ի՞նչ ճոթից հագուստ են հագնում» և այլն։

Ես նրա հարցերին գոհացուցիչ պատասխան էի տալիս, իհարկե չէի ասում, թե ֆերրաշները մեր տունը այնպես դատարկել են, որ ոչ կով է մնացել և ոչ Վանի կատուն...

Բայց այն գիշերը, որի առավոտը ես պիտի ճանապարհ ընկնեի, նա ավելի խրատներ էր տալիս ինձ, քան թե բաներ էր հարցնում։— «Գնա, Մուրադ,— ասում էր,— սուրբ աստվածածինը թո՛ղ բարի ճանապարհ տա քեզ, գնա երկրե-երկիր ման արի, փող աշխատիր