Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բարձրացրո՛ւ հորդ անունը։ Քո հայրը անհայտության մեջ կորավ. հիմա դու ես մնացել քո հոր տան միակ սյունը։ Մորդ, քույրերիդ, բարեկամներիդ հույսերը քեզ վրա են դրված։ Դու պետք է բոլորին ուրախացնես, դու պետք է բոլորին մխիթարես...։

Ես հավատացած եմ, եթե մորաքույրս գիտենար, թե «խաչագողները» ի՛նչ միջոցներով են փող աշխատում, նա երբեք ինձ խորհուրդ չէր տա, որ ես օտար աշխարհ գնայի և նրանց հետ թափառեի։ Բայց նա չէր իմանում... ես նույնպես չէի իմանում...

Քավոր Պետրոսին խիստ սակավ էի տեսնում։ Նա ինչ-որ պատրաստություններով զբաղված էր։ Թումբուլը մի նշանավոր կայարան էր Պարսկաստանի «խաչագողների» համար, որտեղից վեր էին առնում իրանց գործունեության համար պետք եղած բոլոր պարագայքը, ինչ որ իրանց պակաս էր։ Բայց ես քավոր Պետրոսի վերաբերությամբ տակավին այդ կարծիքը չունեի։

Նա մի առավոտ բերեց յուր հետ մի թուրք և վաճառեց իմ ավանակը։ ճշմարիտն ասած, ինձ խիստ զգալի էր բաժանվել իմ խոնարհ և հավատարիմ ընկերից, որ այնքան ժամանակ ճանապարհորդել էր ինձ հետ և ամենայն հոժարությամբ կրել էր իմ ծանրությունները։ Բայց քավոր Պետրոսը հանգստացրեց ինձ, ասելով.

— Ավանակի փողը այն փողերի հետ, որ դու վաստակեցիր քո վաճառքներից, պիտի ուղարկես մորդ. դու գիտես, որ նա յուր մի հատիկ կովը ծախեց և գնեց քեզ համար այդ ավանակը։

— Այդ ես գիտեմ։ Բայց դրանից հետո ի՞նչով կարող եմ շարունակել իմ ճանապարհորդությունը։

— Դու կնստես մի փառավոր կառքի մեջ։

Ես զարմացա։ Բայց իմ զարմանքը երկար չտևեց։ Քանի րոպեից հետո մի գեղեցիկ ճանապարհորդական կառք կանգնեց մորաքրոջս դռանը։ Երկու ուժեղ սև ձիաներ լծած էին կառքին։ Թումբուլցիք ունեին կառքեր, ունեին լավ ձիաներ, որ բերում էին իրանց հետ, երբ վերադառնում էին Ռուսաստանից։ Երբ իրանց պետք չէին, վաճառում էին։ Քավոր Պետրոսը այդ կառքը և ձիաները գնել էր մի «խաչագողից», որ նոր էր վերադարձել պանդխտությունից։

Կառքի մեջ տեղավորված էին զանազան մեծ և փոքր արկղներ։ Ի՞նչ կար նրանց մեջ, — ես չգիտեի։ Միայն քավոր Պետրոսը տվեց ինձ մի ձեռք լավ հագուստ, մի զույգ ուղևորի կոշիկներ և հրամայեց հագուստս փոխել։ Այդ նորաձև հագուստին ևս բոլորովին անսովոր էի. մորաքույրս օգնեց ինձ հագնելու։ Քավոր Պետրոսը նույնպես