Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխել էր այն ցնցոտիները, որոնցով մի ցանի օր առաջ մուրացկանի պես կանգնած Թաբրիզի եկեղեցու դռանը՝ ողորմություն էր ընդունում։ Այժմ մեր հագուստը բոլորովին համապատշաճ էր այն փառավոր կառքին, որի մեջ պիտի նստեինք։

Մորաքույրս տվեց ինձ մի նամակ, խնդրեց, որ հասցնեմ յուր ամուսնին։ նրա ամուսինը պանդխտության մեջ էր։ նամակի վրա միայն դրած էր ամուսնու անունը և ազգանունը. քաղաքի անուն չկար։ «Խաչագողները» միշտ այսպես են գրում իրանց պանդուխտների հասցեները, որովհետև չգիտեն, թե ո՛րտեղ են գտնվում նրանք։ նամակատարը պահում է յուր մոտ նամակը, եթե մի տեղում կհանդիպե պանդուխտին, կտա։ Բայց խիստ հազիվ էր պատահում, որ նամակները տեղ հասնեին, կա՛մ տանողն էր կորչում, կամ ստացողը վաղուց արդեն կորած էր լինում...:

Ավանակներով մտանք Թումբուլ և դուրս եկանք այնտեղից կառքով։ Դա ի՞նչ հրաշք էր...

Ժամատան դռանը քավոր Պետրոսի ծանոթները սպասում էին, որ մեզ ճանապարհ դնեն։ Մորաքույրս յուր երեխաների հետ եկավ մինչև գյուղից դուրսը։ Ամեն կողմից թափվում էին բարեմաղթություններ, ամեն բերան ցանկանում էր մեզ բարի ճանապարհ և բախտավոր վերադարձ։

Վերջապես հայտնվեցավ քահանան, կարդաց՝ «տե՛ր ուղղյա զճանապարհս խաղաղությամբ» աղոթքը, և մեր կառքը շարժվեցավ...։