Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ




Ա


ԵՐՈԻԱԱՂԵՄԻ ՆՎԻՐԱԿԸ

1840 թվականն էր։

Անցել էր հինգ տարի այն օրից, որ մենք թողեցինք Պարսկաստանը։

Ռուսաստանի հյուսիսային, հեռավոր գավառներից մեկում, անապատի մեջ ցրված գյուղերի միջով, անցնում էր մի ծածկված կառք։ Հինգ միագույն ձիաներ տանում էին նրան։

Այդ կառքը, այնպես ծածկված, անցել էր շատ նահանգներ, շատ գավառներ և ամեն տեղ, որտեղ հայտնվել էր նա, ժողովուրդը խորին ջերմեռանդությամբ հանդիպել էր նրան և նրա փոշին սրբել էր յուր համբույրներով: Այժմ կառքը շարժվում էր դեպի մի մեծ գյուղ, որ չորս վերստ հեռավորության վրա էր։ ճանապարհի ամբողջ երկարությունը, որ տանում էր դեպի հիշյալ գյուղը, պատած էր մարդիկներով։ Ծեր, մանուկ, այր և կին կոխ էին տալիս միմյանց, առաջ էին մղվում, որ տեսնեն անցորդին։ Բայց անցորդը չէր երևում, ծածկված կառքի լուսամուտների վարագույրներն անգամ ցած էին թողած։

Կառապանի տեղը նստած էր և կառավարում էր ձիաները մի աբիսինիացի խափշիկ նիհար դեմքով և բաց ղահվեի գույնով։ Սառը հյուսիսը կարծես փոքր-ինչ փոխել էր տաք աշխարհի որդու բնական գույնը և խլել էր նրա սևությունը։

Կառքի ետևում նստած էր մի երիտասարդ արևելյան թուխ