Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքով և երկայն, գանգրահեր մազերով։ Այդ մազերը սև սաթի նման փայլում էին։ Նրա ամբողջ հագուստը նույնպիսի սև գույն ուներ, որպես գլխի մազեր։ Պատրաստված էր կոշտ բուրդից։ Այսպիսի հագուստ արևելքում կրում են անապատական աբեղաները միայն, որոնք աշխարհ չեն մտնում, մարդկանց երես չեն տեսնում, այլ առանձնացած իրանց խցիկներում, աղոթում են կամ սուրբ գրքեր են կարգում։

Կառքի մեջ նստած էր մի անձնավորություն միայն։ Նրան ոչ ոք չէր տեսնում։

Երբ կառքը մոտեցավ գյուղին, սկսեցին զանգակները հարկանել։ Այդ ժամանակ միայն կառքի փոքրիկ լուսամուտների վարագույրները բարձրացան, և աջ կողմի լուսամուտը բացվեցավ։ Այստեղից դուրս պարզվեցավ մի ձեռք և սկսեց խաչակնքել և օրհնություն տալ ամբոխին։

Ձեռքի երեսը և բազուկը (որ բոլորովին մերկ էր) դրոշմված էին մուգ-կապտագույն նկարներով (татуированный) որոնք ներկայացնում էին սերովբեներ, քերովբեներ և մի վանքի պատկերը, զարդարված խաչերով։ Մուժիկները մոտենում էին և ջերմեռանդությամբ համբուրում էին այդ խորհրդավոր ձեռքը։ նրա շագանակի գույն ունեցող կաշուց երևում էր, որ կրողը ծնվել է տաք կլիմայի տակ, ուր մարդկանց կաշին արևի ջերմության ներքո կորցնում է յուր սպիտակությունը։

Կառքը մտավ գյուղը։

Այդ կառքը ամեն գյուղ, ամեն փոքրիկ քաղաք, ուր որ հասնում էր, կանգնում էր կա՛մ եկեղեցու դռանը, եթե այնտեղ կար հարմար իջևան, կա՛մ հոգևոր առաջնորդի դռանը և կամ ավագ քահանաների դռանը։ Նա իրան հեռու էր պահում աշխարհականների բնակարաններից։ Իսկ այսօր նրան ընդունելու համար պատրաստված էր գյուղի հարուստ կալվածատիրոջ տունը։

Կառքը դանդաղ էր շարժվում։ Ուժեղ ձիաները, հակառակ իրանց կամքի, գնում էին համրընթաց քայլով։ Որովհետև նրանք իրանց ընթացքը պիտի հարմարեցնեին ահագին ամբոխի շարժման հետ, որ շրջապատել էր կառքը։ Երևում էր, այդ խելացի անասունները այնքան սովրած էին այսպիսի բազմության, որ բնավ չէին խրտչում, այլ մի առանձին կամակատարությամբ այնքան կամաց էին գնում, որ ամբոխը որքան կամենում է նայե և բավականացնե յուր փափագը։