Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև շատ գիշերներ անց էր կացնում բացօթյա, մերկ գետնի վրա պառկելով: Այժմ նրա անարժան աշակերտին ի՞նչ կվայելե այսպիսի փառավոր գահավորակի վրա բազմել։ — Այդ խոսքերը արտասանեց նա հունարեն լեզվով, իսկ գանգրահեր երիտասարդը թարգմանեց ռուսերեն։

Տան տերը չգիտեր՝ վիրավորվե՞լ թե ամաչել յուր, քրիստոնեական սակավապետության հակառակ, շռայլ կենցաղավարության համար։

Գանգրահեր երիտասարդը, մասնավորապես ծանոթացնելով տան տիրոջը «վշտալի հոր» սովորությունների հետ, հայտնեց, թե ավելի հարգած կլինեին, եթե թույլ կտային նրան չշեղվիլ յուր կյանքի սովորական եղանակներից։ Այդ խոսքերի հետ գանգրահեր երիտասարդը տարածեց դիվանի մանիշակագույն ատլասի վրա մի մաշված կապերտի կտոր, որ «վշտալի հոր» գործածական օթոցն էր։ Նրա վրա և նստում էր նա, և գիշերները քնում էր։

Նա յուր ծանր հողաթափները հանեց դիվանի առջև և ասիական կերպով ծալապատիկ բազմեցավ նրա վրա։ Այդ հողաթափները, երկու մատնաչափ հաստ տակերով, նույն ձևը ունեին, որպես մեր քահանաները հագնում են սուրբ սեղանի վրա պատարագ մատուցանելու ժամանակ։

Նրա անշուք, անպաճույճ զգեստը յուր վրա առանձին ուշադրություն էր դարձնում։ Դա կոշտ մազից գործված մի տեսակ մուգ֊մոխրագույն հագուստ էր, որը անապատներում կոչում են «խարազն», իսկ հագնողներին «խարազնազգեստ»։ Այդպես հագնվում են միայն իրանց անձը ամենախիստ ճգնությունների ենթարկող անապատական աբեղաները։ Գլխին կրած ուներ մուգ-լաջվարդի գույնով ֆես, փաթաթած սև ապարոշներով, որոնց ծայրերը իջնում էին մինչև ուսերը։ Վերնազգեստը արևելյան կրոնավորների ֆարաջայի նմանությունն ուներ, մինչև կրունկները հասած լայն փեշերով և բավական ընդարձակ թևքերով։ Մեջքը սեղմված էր սև կաշուց պատրաստված լայն գոտիով։ Մի ահագին երկաթյա խաչ զարդարում էր նրա կուրծքը, որ կախված էր նույնպես երկաթյա հաստ շղթայից։ Գլխի և երեսի մազերը այնքան աճել էին, որ կարծես երբեք մկրատի և ածելու հետ ծանոթ չեն եղել։ Այդ տալիս էր նրա դեմքին դերվիշի տպավորություն։

Այդ աբեղան Երուսաղեմի վանքի նվիրակ էր, իսկ գանգրահեր երիտասարդը, որ յուր հագուստի ձևերով շատ չէր տարբերվում յուր վարդապետից, նա սարկավագն էր։