Մինչև այդ տունը հասնելը, աբեղայի մասին ռամիկ գյուղացիների մեջ տարածվել էին շատ առեղծվածային պատմություններ, շատ առասպելներ։ Ասում էին, որ նա ոչինչ չէ ուտում, ոչինչ չէ խմում, այլ միայն աղոթքով է կերակրվում։ Ասում էին, որ նա կույրերի, կաղերի, հիվանդների վրա բժշկություններ է անում, և ուրիշ շատ այսպիսի բաներ էին ասում։ Բայց ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ նա չափազանց պարզ և սակավապետ մարդ էր. խորշում էր ամեն տեսակ վայելչությունից, որոնք թուլացնում են հոգին, իսկ սնուցանում են մարմնականը և անասնականը մարդու մեջ։
Երբ աբեղան ծալապատիկ նստեց դիվանի վրա, գյուղի երկու քահանաները և տան տերը դեռ կանգնած էին նրա առջև, չէին համարձակվում նստելու։ Նա խնդրեց, որ նստեն, ասելով.
— Դուք նստեցեք, որպես սովոր եք։
Տան տերը տեղավորվեցավ բազկաթոռի վրա, իսկ երկու քահանաները նստեցին հեռու աթոռների վրա։
Հյուրանոցում, ուր գտնվում էին նրանք, տիրում էր մի տեսակ ծանր լռություն։ Տան տերը, չնայելով որ բավական զվարճախոս և մինչև անգամ՝ շատախոս մարդ էր, ինչպես լինում են առհասարակ շատ ման եկած, շատ բան տեսած և շատ բան լսած ծերունիները, — այսուամենայնիվ, չգիտեր ի՞նչ առարկայի վրա խոսել յուր տարապայման հյուրի հետ։ Նա գտնվում էր մի տեսակ երկյուղածության մեջ, որ տիրում է մարդու սրտին, երբ զգում է գերբնական էակների ներկայությունը։ Իսկ քահանաները վախենում էին խոսել ավելի այն պատճառով, որ ցույց չտան իրանց տգիտությունը։
Վերջապես կից սենյակի դռնից ներս մտավ տան տիկինը յուր զավակների ահագին խումբով և հյուրանոցի լռությունը փոքր-ինչ փարատվեցավ, փոքր-ինչ կենդանացավ։
Ամուսին այրը կանգնեց, սկսեց ներկայացնել նախ յուր տիկնոջը, հետո յուր աղջիկներին և որդիներին։ Բոլորը հերթով մոտեցան համբուրեցին աբեղայի աջը և օրհնություն առին։
Տիկինը նստեց աբեղայի դիվանի մոտ, մեծ աղջիկները և մեծ որդիները տեղավորվեցան մյուս կողմում, իսկ փոքրիկները մի քանի րոպե ոտքի վրա մնացին, ձանձրացան և դուրս գնացին։
Հարգելի հյուրը, ինչպես երևում էր, կանանց զբաղեցնել չգիտեր, և կարծես թե, նրանց ներկայությունից նեղվում էր։ Այդ երևում էր այն անախորժ արտահայտությունից, որ նկատվում էր նրա