Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

բարեպաշտ հավատացելոց նվիրատվությամբ։ Ես ուխտել եմ այնքան ժամանակ չուտել, չխմել, չքնել, և այդ երկաթե շղթան (նա ձեռքը տարավ դեպի հաստ շղթան, որից քարշ էր ընկած ահագին երկաթյա խաչը նրա կուրծքի վրա) միշտ իմ պարանոցին կրած պիտի ունենամ,— մինչև բարեպաշտ հավատացելոց օժանդակությամբ չհավաքեմ այնքան նվերներ, որոնցով կարելի լինի փրկչի սուրբ գերեզմանը գերությունից ազատել։

— Մի՞թե գերության մեջ է նա,— բացականչեց տիկինը։

— Այո՛, գերության մեջ է, անօրենների ձեռքում... Վանքը պարտքի տակ է ընկած... սրբությունները գրավ են դրված...

— Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ,—բացականչեց տիկինը, դարձյալ թաշկինակը տարավ դեպի աչքերը։

Տիկնոջ օրինակին հետևեց և նրա ամուսին այրը։ Երկու քահանաները նույնպես փորձեցին զգածված ձևանալ:

Թեյի երկրորդ բաժակը ընդհատեց այդ տխուր խոսակցությունը. սպասավորները արծաթյա մատուցարանները ձեռքներում կրկին ներս մտան։

Բոլոր ժամանակը աբեղան խոսում էր հունարեն, իսկ գանգրահեր երիտասարդը թարգմանում էր նրա ասածները։ Այդ վերջինը ռուսերեն նույնպես շատ փոքր գիտեր, և այդ ավելի հետաքրքրական էր դարձնում նրա խոսքերը, երբ շատ բաներ մնում էին անհասկանալի։

Թեյի երկրորդ բաժակից հետո խոսակցությունը ընդունեց ուրիշ ուղղություն։ Տան տերը հարցրեց.

— Երուսաղեմի մեջ այժմ ի՞նչ սրբություններ են մնացել։

— Շատ սրբություններ են մնացել,—պատասխանեց աբեղան,— որոնց թվումն է Հիսուս Քրիստոսի օրորոցը։ Իսկ այդ սուրբ օրորոցը վաղուց է, որ թուրքերը խլել են մեզանից, պահվում է Օմարի մեչիդում։ Երբ մի քրիստոնյա մտնում է այնտեղ, սուրբ օրորոցը սկսում է ինքն իրան օրորվել։ Այդ պատճառով քրիստոնյաներին թույլ չեն տալիս, որ այնտեղ մտնեն։

— Անիծյալնե՛ր...,— բացականչեցին երկու քահանաները, որ բոլոր ժամանակը լուռ էին։

— Այլևս ի՞նչ կա, — հարցրեց տան տերը։

— Հուդայի վիրապը, — պատասխանեց աբեղան, կարծես թե դա էլ սրբությունների կարգումն էր։

— Հուդայի վիրա՞պը, — կրկնեց տան տիրուհին երեսը խաչակնքելով: