Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛, Հուդայի վիրապը։ Անիծյալ Հուդան դեռ կենդանի է, այն խոր վիրապի մեջ։

— Ի՞նչպես չէ դուրս գալիս, — հարցրեց տան տերը զարմանալով։

— Խորի բերանը աստուծո հրամանով հավիտյան ծածկված է ահագին ժայռով։ Երբ գալիս է ավագ ուրբաթ գիշերր, այսինքն այն գիշերը, որ անիծյալը մատնեց մեր տեր Հիսուսին,—խորի միջից լսվում են սարսափելի ձայներ, լսվում են նրա տանջանքի հառաչանքները։

— Երևի սատանաները չարչարում են անիծյալին,— մեջ մտավ երկու քահանաներից մեկը։

— Այո՛, չարչարում են... նա միշտ կչարչարվի և այնպես կմնա մինչև Հիսուս Քրիստոսի սոսկալի դատաստանի օրը։

— Անիծյա՜լ Հուդա..., — դարձյալ կրկնեցին ամեն կողմից։

— Այլևս ի՞նչ կա, — հարցրեց տիկինը։

— Մի սուրբ աղբյուր, որ գոյացած է Մարիամ մագթաղինացու արտասուքներից։ Կույրերը բժշկվում են, երբ լվացվում են նրա ջրով։

— Ուղարկենք այնտեղ մեր Ֆեդկային,— ասաց տիկինը,— դառնալով դեպի յուր ամուսինը։

Ֆեդկան նրանց փոքրիկ որդին էր, որի աչքերից մեկը ծաղկից փչացել էր։

— Բժշկության համար հաստատ հույս և հավատ պետք է,— նրանց խոսքը կտրեց աբեղան։

Աբեղայի պատմությունները Երուսաղեմի նվիրական տեղերի մասին հետզհետե ավելի և ավելի հետաքրքրական էին դառնում: Նա խոսեց «թափառական հրեայի» մասին. նա խոսեց «անբան մարգարեի» գերեզմանի մասին, նա խոսեց «Ձիթենյաց լեռան» և «Գեթսեմանի ձորի» մասին, նա խոսեց «Վա՜յ-վա՜յ -գոլի» կոչված լճակի մասին և այլն։

— Այդ ի՞նչ լիճ է, — հարցրեց տիկինը։

— Դա այն լիճն է, — պատասխանեց աբեղան, — որի մեջ Հիսուս Քրիստոսը մանուկ հասակում մի անգամ լողանում էր ուրիշ շատ երեխաների հետ։ Չար երեխաները տանջում էին նրան։ Փոքրիկ Հիսուսը վերառեց մի բուռ ավազ, ցրեց չար երեխաների վրա, նրանք բոլորն էլ գորտեր դարձան և մնում են մինչև այսօր, անդադար աղաղակելով «վա՜յ-վա՜յ», — այդ պատճառով էլ այդ լիճը կոչվում է «Վա՜յ֊ վա՜յ-գոլի», որ նշանակում է վայ-վայի լիճ։