Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ խոսքերի հետ երիտասարդը մտավ այն սենյակը, ուր դրած էին իրանց իրեղենները և բերեց այնտեղից կոշտ մազից պատրաստված մի վերմակ և մի փոքրիկ բարձ, մեջը լցրած խոտով ու երեսը պատած սև սաֆիանով։ Դրանց հետ էր այն մաշված կապերտի կտորը, որ տարածված էր գեղեցիկ դիվանի մանիշակագույն ատլասի վրա, և որին հայր սուրբը գործ էր ածում և՛ իբրև օթոց, և՛ իբրև դոշակ քնելու ժամանակ։

— Ահա նրա մահճի բոլոր պարագայքը, — ասաց երիտասարդը, ցած դնելով ցնցոտիները, — այդ տեսակ մահիճը լավ է այն կողմից, որ նրա մեջ դժվար է երկար քնել, և այդ իմ հայր սուրբի համար շատ հարկավոր է։ Իսկ այն փառավոր անկողինը հանգիստ քուն կբերե, դա շատ վատ է, վտանգավոր է։

Տիկինը չգիտեր զարմանա՞լ թե ծիծաղել երիտասարդի միամտության վրա։ Վերջը չկարողանալով զսպել յուր համբերությունը, ասաց.

— Չէ ո՞ր քնում են հանգստանալու համար։

— Այդ ուղիղ է, պատվելի տիկին, բայց ոչ ամեն մարդիկ։ Իմ հայր սուրբը գիշերվա մեջ մի ժամ հազիվ է քնում, հետո զարթնում է, ճրագը վառում է, սկսում է կարդալ։ Ամեն գիշեր պետք է ծայրեծայր վերջացնե Դավթի սաղմոսների ընթերցումը։ Հետո կարդում է Սողոմոն իմաստունի առակները, հետո մարգարեությունները, հետո Պողոս առաքյալի թղթերը, և մյուսները այդ կարգով։ Մի այսպիսի կոշտ անկողին անհրաժեշտ է, որ քունը չհաղթե մարդուն: Բայց դարձյալ երբեմն չար սատանան հակառակվում է, և քունը հաղթում է։ Դրա համար իմ հայր սուրբը հագնում է բոլորովին այլ տեսակ շապիկներ, քան թե հագնում են հասարակ մարդիկ։ Տիկնոջ զարմացումը այժմ փոխվեցավ հետաքրքրության։ Նա հարցրեց․

— Ի՞նչ տեսակ շապիկ։

— Եթե պատվելի տիկինը հետաքրքրվում է, ես այս րոպեիս կարող եմ ցույց տալ։

Երիտասարդը դարձյալ մտավ այն սենյակը, ուր դրած էին իրանց իրեղենները։ Բազմաթիվ մեծ և փոքրիկ արկղներից մեկը բաց արավ և այնտեղից դուրս բերեց տոպրակի պես մի բան, որը ֆուֆայկայի նմանություն ուներ այն կողմից, որ երկու նեղ թևքեր ուներ։ Տիկինը մինչև անգամ վախեցավ յուր ձեռքով շոշափել այդ օտարոտի շապիկը և միայն հեռվից սկսեց նայել նրա վրա։ Միայն ինկվիզիցիան կարող էր հնարել մի այսպիսի սատանայական զգեստ յուր դատապարտյալներին տանջելու համար։ Շապիկը