Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայր սուրբը օրհնեց նրա առատաձեռնությունը, խոստացավ հինգ անգամ պատարագ մատուցանել Երուսաղեմի սուրբ տաճարի սեղանի վրա նրա և յուր տիկնոջ հոգիների քավության համար։ Բացի դրանից, ընծայեց տան տիրոջը մի «տեր-ողորմ յա», որ շինված էր ձիթապտուղի կորիզներից։ Ասաց, որ այդ ձիթապտուղները հասարակ տեսակից չեն, այլ քաղված են Ձիթենյաց լեռան նվիրական ծառերից, որոնց հովանիների ներքո շատ անգամ հանգստանում էր Հիսուս Քրիստոսը, ու շատ անգամ խոսում էր նա յուր ամենանշանավոր քարոզները։

— Այն օրից անցել է տասն և ինը դար, — ավելացրեց աբեղան,— այն նվիրական ծառերը, որ արժանացել էին իրանց հովանու ներքո հյուրասիրելու մարդկության փրկչին, մինչև այսօր կենդանի են մնում։

Հետո նա ընծայեց տան տիրոջ երեխաներին մի-մի հատ սադաֆե փոքրիկ խաչեր։ —Այդ սա դաֆը, — ասաց նա, — հանված է այն ծովից, որտեղից անցավ Մովսեսը Իսրայելի որդիների հետ և ազատեց նրան փարավոնի գերությունից։ Եվ այդ պատճառով այգ խաչերը կրողները ազատ կմնան ամեն տեսակ չարից ու փորձանքից։

Տան տերը և տան տիրուհին շատ գոհ մնացին իրանց ստացած ընծաների մասին և մեծ շնորհակալությամբ ճանապարհ դրին հարգելի հյուրին։

Նա դարձյալ յուր օտարոտի քողը, որի վրա նկարված էր վերջին դատաստանի սոսկալի պատկերը, ձգեց դեմքի վրա, դուրս եկավ և նստեց ծածկված կառքի մեջ։ Կառքը մեկնեցավ։

Գյուղացիների բազմությունը դարձյալ չկարողացավ տեսնել այդ խորհրդավոր աբեղայի երեսը։ Բայց այդ բարի և կրոնասեր գյուղացիները երկար ժամանակ չէին մոռանում հայր Անտոնիոսի ու նրա սարկավագ Ամբրոսիոսի հետաքրքիր պատմությունները Երուսաղեմի նվիրական տեղերի մասին...

Բ

ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱԳԱԶԻՆ

Կարծեմ ընթերցողը ճանաչեց հայր Անտոնիոսին և նրա սարկավագ երիտասարդ Ամբրոսիոսին:

Այն բոլոր սրբությունները, որ մենք վաճառում էինք Երուսաղեմի վանքի անունով, նրանցից և ոչ մեկը Պալեստինայի երկիրը