Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք ման էինք ածում մեզ հետ մի ամբողջ շարժական մագազին։ Մեր սնդուկների մեջ կային ամեն տեսակ մթերքներ։ Որտեղ որը շահ էր բերում, այն էինք վաճառում։ Գնալով ավելի և ավելի ներս էինք մտնում կայսրության հեռավոր գավառները, միշտ խույս տալով մեծ քաղաքներից։ Այդ առանց պատճառի չէր։ Ո՛ւր ավելի տիրում էր մտավոր խավերը, ո՛ւր ժողովուրդը դեռ գռեհկության մեջ էր, այնտեղ ավելի առատ էր լինում մեր հունձքը...:

Խաբել, սուտ խոսել, կողոպտել, ամեն տեղ մի նոր կերպարանք տալ իրան,— այդ խարդախությունների մեջն էր մեր գործունեությունը։ Մենք ունեինք մեզ հետ ամեն տեսակ պարագայք, ամեն տեսակ հարմարություններ, մի տեղ իրան ձևացնելու որպես ասիացի վաճառական, մյուս տեղ որպես կրոնավոր, մի այլ տեղ հասարակ արհեստավոր և երբեմն մուրացկան, բժիշկ, կախարդ, ձեռնածու և այլն։

Խաչագողը անդադար պետք է փոխե յուր կերպարանքը, նա միշտ միևնույն դերի մեջ մնալ չէ կարող։ Ես ուրախ էի, որ բավական վարժված էի այդ բոլորի մեջ և հպարտանում էի իմ ճարպկություններով...։ Քավոր Պետրոսը գովում էր իմ հառաջադիմությունը, ասելով.

— Մուրադ, զավակս, դու խելացի տղա ես, ամեն բան շատ շուտ սովորեցար...։

Քիչ չէր պատահում, որ մեր ծուղակի մեջ ընկնում էին այնպիսի բարեպաշտ քրիստոնյաներ, որպիսիք էին հարուստ կալվածատերը և նրա միամիտ տիրուհին, որոնց պատկերները տեսանք նախընթաց գլխում։ Բայց զարմանալին այն էր, թե ի՛նչպես էր հաջողվում մեզ գտնել այդպիսիներին։ Ահա ի՛նչպես.

Ամեն մի քաղաք կամ մեծ գյուղ մտնելուց հետո քավոր Պետրոսը ինձ յուր հետ առնելով կգնայինք մի հյուրանոց։ (Այդպիսի տեղերը հաճախում էինք հասարակ արհեստավորի հագուստով։) Առհասարակ ընտրում էինք այնպիսի հյուրանոցներ, ուր հաճախում էր ժողովրդի ստոր, միևնույն ժամանակ անբարոյական մասը։ Ուր ամեն տեսակ մարդկանց կարելի էր գտնել, սկսյալ փողոցային սրիկաներից, ավազակներից, մինչև խաղամոլներ, գրպանահատներ, մոլարբուներ և այլն։ Այդ հասարակությունը գիտե քաղաքի բոլոր գաղտնիքները։ Առանց նպատակի չէր, որ քավոր Պետրոսը ընտրում էր այդպիսի անառակ տեղեր։ Կտեսնեիր, մեկին գտավ: (Նա յուր նպատակներին հարմար մարդիկ գտնելու մեծ ընդունակությունուներ։) Կսկսեր նրա հետ ծանոթանալ, յուր հաշվով խմեցնել