Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և թուղթ խաղալ։ Թղթախաղի մեջ ոչ ոք քավոր Պետրոսի հետ կարող չէր մրցություն անել։ Բայց այսպիսի դեպքերում դիտմամբ միշտ տանուլ էր տալիս, որպեսզի յուր նոր ծանոթին ավելի ևս մտերմացնի յուր հետ: Խաղը, խմելը տևում էր ամբողջ ժամեր։ Այդ միջոցում նա կարողանում էր թափ տալ յուր խաղակցի գլխից այն գաղտնիքները, ինչ-որ իրան պետք էր։ Դա կատարվում էր այնքան անզգալի կերպով, մինչ նրա խաղընկերը ոչինչ չէր նկատում:

Մի այսպիսի հյուրանոցի մեջ, փոքրիկ գավառական քաղաքում, քավոր Պետրոսը տեղեկացավ մի պառավ տիկնոջ գաղտնիքների։ Հաղորդողը նույն տիկնոջ ծերունի սպասավորն էր, որ մանկությունից ծառայել էր նրա մոտ, բայց ալևոր հասակում արտաքսված էր չափազանց արբեցողության համար։ Տիկինը այն պառավներից մեկն էր, որ իրանց մանկությունը անց են կացնում զանազան զվարճությանց փոթորիկների մեջ, իսկ գերեզմանին մոտենալու ժամանակ մտածում են առաքինի լինել։ Նա ապրում էր յուր կալվածներում, որոնց մեջ մի քանի հազար հոգի ճորտեր կային: Կալվածները գտնվում էին քաղաքից երկու հարյուր վերստ հեռավորության վրա։

— Դա խիստ պարարտ որս է Երուսաղեմի աբեղայի համար,— ասաց քավոր Պետրոսը, և մյուս օրը վաղ առավոտյան պատրաստվեցանք այնտեղ գնալու։

Քավոր Պետրոսը շատ լավ գիտեր, թե ամեն մի տեղ գնալու համար ի՛նչ տեսակ պատրաստություններ էին հարկավոր, որպես հմուտ զորապետը իսկույն կշռում է, թե այսինչ բերդը գրավելու համար ո՛ր կողմից կամ որքան թնդանոթներով պետք է ռմբակոծել։ Բայց այն առավոտ այնքան շտապեց նա, որ մոռացավ մի քանի անհրաժեշտ բաներ։

Ծածկված կառքը յուր հինգ միագույն ձիաներով թողեց քաղաքում. հրամայեց լծել մի ճանապարհորդական թեթև սայլակ երեք ձիաներով։ Մեր սնդուկները մնացին նույն հյուրանոցում, որտեղ իջևանել էինք։ Աբիսինիացին մնաց այնտեղ մեր իրեղենները պահելու համար։ Մենք ճանապարհ ընկանք արևի ծագելուց առաջ։ Ես կառավարում էի ձիաները, իսկ քավոր Պետրոսը, փաթաթված յուր աբեղայական լայն վերարկուի մեջ, նստած էր սայլակի վրա։

Երեկոյան պահուն մենք հայտնվեցանք պառավ տիկնոջ տանը հասարակ աբեղաների հագուստով, առանց որևիցե հանդիսավոր ձև տալու մեր այցելությանը։ Պառավը բարեսրտությամբ ընդունեց