Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզ, որպես աղքատ օտարերկրյա կրոնավորների, և ավելի շարժվեց նրա գութը, երբ լսեց սուրբ Երուսաղեմի անունը։

Քավոր Պետրոսը հրամայեց ինձ փոքր-ինչ հիվանդ ձևանալ, որ առիթ ունենանք այն գիշեր մնալ պառավի տանը։ Տիկինը այնքան բարեսիրտ էր, որ խորին ցավակցությամբ խղճալով իմ վրա, յուր ձեռքով խինա խմացրեց, պատվիրեց աղախիններին, որ իմ ոտների տակ տաք ջրով լցրած շշեր դնեն, որպեսզի ես քրտնեմ, որովհետև մրսած էի։

Թե ի՞նչ ասաց, ի՞նչ խոսեց քավոր Պետրոսը տիկնոջ հետ, ես չգիտեմ, որովհետև ես պառկած էի մյուս սենյակում. ես հիվանդ էի։

Առավոտյան ինձ լավ էի զգում։ Քավոր Պետրոսը պատրաստվեցավ մի թեթև մաղթանք կատարելու, որ հետո հեռանանք։ Հայտնվեցավ, որ քավոր Պետրոսը մոռացել էր յուր հունարեն ավետարանը և նրա տեղը սխալմամբ վեր էր առել մի հաստ, մագաղաթյա գիրք, գույնզգույն ներկերով գրված։ Դա հայերեն հին բժշկարան էր, որից երբեմն օգուտ էր քաղում քավոր Պետրոսը յուր բժշկությունները անելու ժամանակ։ Նրա մեջ կային շատ բաներ, օրինակ, լոշտակի բույսը գտնելու աղոթքը, զանազան հոդվածներ «վեցհազարյակի» կախարդական արհեստից, տեսակ-տեսակ աստղագիտական աղյուսակներ, համաստեղություններ՝ մարդկանց ճակատագրի վրա ունեցած լավ կամ վատ ազդեցությունը և այլն։

Քավոր Պետրոսը ամենևին չշփոթվեցավ, երբ նկատեց, որ հունարեն ավետարանի փոխարեն այդ գիրքն է վեր առել։ Նա սկսեց կարդալ։ Յուր ընթերցանության մեջ գործ էր ածում այնպիսի բառեր, այնպիսի խոսքեր, որ ոչ մի լեզվի մեջ չէր կարելի գտնել։ Բոլորը ինքն էր հնարում։ Ես էլ ոչինչ չէի հասկանում։ Բայց այնպիսի մի ջերմեռանդոլթյան ձև էր տալիս թե՛ յուր առոգանությանը, թե՛ արտասանությանը և թե ձայնին, որ անկարելի էր կասկածել, թե նրա կարդացածը սուրբ գիրք չէ։

Ես էլ սկսեցի քավոր Պետրոսի օրինակին հետևել։ Բայց ո՛չ նրա նման հնարած, անմիտ խոսքեր կարդալ, այլ երգել զանազան «ջանգյուլումներ» և հայերեն ռամկական երգեր, որ սովորել էի մանկության ժամանակ։ Իմ ձայնը վատ չէր, հոգևոր երգերը ես էի երգում։

Մեր ամբողջ ծիսակատարությունը վերջացավ մի հիմար երգով, որի մեջ դարձյալ փոքրիշատե միտք կար։ Դա վերջին մեղեդին էր։