Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քավոր Պետրոսը սկսեց.

«Մեր տղա, որսի ժամանակ է,
«Մեր գործն այստեղ հաջողակ է,
«Պառավի գլուխը դատարկ է,
«Որքան կարող ես՝ հավաքե...


«Ալելուիա, ալելուիա,
«Սոխ ու սխտոր, ալելուիա,
«կանաչ կխտոր, ալելուիա»։


Ես պատասխանեցի նույն եղանակով․

«Վերջացավ մեր պատարագը,
«Հիմա պարպենք պառավի քսակը,
«Հիմարների այդ տեսակը
«Կկատարե մեր փափագը...


«Ալելուիա, ալելուիա,
«Սոխ ու սխտոր, ալելուիա,
«Կանաչ կխտոր, ալելուիա»...


Մեր օրհներգությունը, որքան և խաբեական լիներ, այսուամենայնիվ խորին ազդեցություն գործեց պառավի վրա, խաչագողներր շատ անգամ զվարճության առարկա են դարձնում իրանց արհեստը. այսօր մենք նույնպես վարվեցանք։

Պառավը առաջարկեց նախաճաշիկ ուտել։ Այս անգամ քավոր Պետրոսը չէր խոսում կերակուրներից և թարգմանի բերանով չէր խոսում։ Նա անդադար հանաքներ էր անում և երբեմն նուրբ սրախոսություններով ծիծաղեցնում էր պառավին։ Բայց երբ պառավը առաջարկեց նրան հարյուր ռուբլի «աջահամբույր», քավոր Պետրոսը այն ժամանակ միայն ընդունեց ծանր և մինչև անգամ խիստ կերպարանք և մերժեց արծաթը, ասելով.

— Այդ բավական չէ ձեր մեղքերը քավելու համար, տիկին։

— Ի՞նչ մեղքեր, — հարցրեց պառավը վրդովված կերպով։

Քավոր Պետրոսը ինձ աչքով արեց, ես սենյակից դուրս եկա. նրանք մնացին մենակ։ Մյուս սենյակից ես լսում էի նրանց խոսակցությունը։

— Ի՞նչ մեղքեր,— կրկնեց պառավը։

— Մի՛ թաքցրեք, տիկին, ես բոլորր գիտեմ...։ Ձեր անցյալի սարսափելի պատկերը նկարված է իմ աչքի առջև։

— Որպե՞ս

— Դուք մի ծեր գեներալից միակ զավակն էիք։