Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդպես է։

— Հորից մեծ ժառանգություն ստացաք։

— Ուղիղ է։

— Պետերբուրգում ամուսնացաք մի մեծ աստիճանավորի հետ։

— Այդպես է։

— Դուք միմյանց հենց սկզբից չէիք սիրում. նա հրապուրվեցավ քո փողով, իսկ դու նրա աստիճանով։

Վերջին խոսքերը լսածին պես պառավի երեսի խորշոմների մեջ նկատվեցան ցնցումներ։ Քավոր Պետրոսը շարունակեց.

— Դուք չսիրեցիք ձեր ամուսնին, որովհետև ձեր սիրտը ուրիշին էր պատկանում ...։

— Հետո՞։

— Ձեր ամուսնի խանդոտությունը առիթ եղավ նրա մահին...։

— Աստվա՜ծ իմ։ Բավական է։

— Լսեցե՛ք դեռ բոլորը չէ։— Դուք թունավորեցիք օրինավոր ամուսնին, որ ազատ կյանք վարեք սիրեկանի հետ։

Պառավը կրկին գոչեց զարհուրելով․

— Բավակա՛ն է, ի սեր աստծո։

— Դեռ բավական չէ։ Ես բոլորը դեռ չեմ ավարտել։ Լսեցե՛ք.

Դուք սպանեցիք ամուսնին, որ ավելի ազատ ապրեք սիրեկանի գրկում, և ձեր եղեռնագործությունը ծածկելու համար, նրա հետ միասին գնացիք արտասահման։ Այնտեղ սիրեկանը վատնեց ձեր փողերը, կողոպտեց ձեզ և մաշված լաթի նման մի կողմ ձգեց։ Դուք վերադարձաք Պետերբուրգ։ Այստեղ երկար մնալ չկարողացաք, որովհետև հանապազ ձեզ տանջում էր մի կողմից սպանված ամուսնի ուրավականը, մյուս կողմից խաբված սերը.․.։ Ձեր խիղճը հանգստացնելու համար դուք տեղափոխվեցաք այս գյուղը, որ միակ կտորն էր մնացած ձեր հոր ահագին հարստությունից, և այնուհետև սկսեցիք մխիթարություն որոնել գյուղական առանձնության մեջ։

— Բավական է, դուք բոլորը գիտեք...։ Ես սարսափում եմ...

— Ես պետք է վերջացնեմ։ Այդպես է ձեր տխուր անցյալը։ Հիմա նայեցեք, ահա ձեր ապագայի սոսկալի նկարագիրը. — իմ առջև բացված է տարտարոսը. ծծումբի բոցերի միջից հազիվ նշմարում եմ ձեր սարսափած դեմքը սատանանաները բորբոքում են ձեր տանջանքը ավելի և ավելի սատկացնելու համար...։ Իսկ այնտեղ, հեռու, մի բարձրության վրա, տեսնում եմ կանգնած մի մարդ, որպես վրեժխնդրության բողոքավոր արձան կանգնած