Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է նա, նայում է ահռելի դեմքով և աղաչավոր ձեռքերը մեկնել է դեպի հավիտենականի աթոռը, արդարադատություն է խնդրում...։ Դա ձեր ամուսնի պատկերն է...։

Վերջին խոսքերը համարյա թե չլսեց պառավը, որովհետև նա արդեն ուշաթափ ընկած էր։ Քավոր Պետրոսի մոգական ազդեցությունը կրկին նրան ուշքի բերեց և, բռնելով նրա թևից, նստեցրեց դիվանի վրա։ Փոքր֊ինչ հանգստանալուց հետո արտասուքը աչքերում հարցրեց նա.

— Այդ դուք ո՞րտեղից գիտեք։

— «Աստուծո մարդը» ամեն բան գիտե,— պատասխանեց քավոր Պետրոսը ծանր կերպով։

Բավական մեծ քանակությամբ արծաթ արժեց պառավին, մինչև «աստուծո մարդը» հոժարեցավ քավել նրա մեղքերը և ազատեց դժոխքի տանջանքներից։ Բացի դրանից, տվեց նրան մի սուրբ պատանք, որպես Երուսաղեմի հիշատակ, և պատվիրեց մեռնելուց հետո նրանով թաղվել, ասելով, թե չար ոգիները երբեք չեն համարձակվի մոտենալ նրա մարմնին։

Պառավին ըստ կարգին կողոպտելուց հետո վերադարձանք նույն հյուրանոցը, ուր թողել էինք մեր իրեղենները։ Այստեղ գտանք աբիսինիացուն անհայտացած։ Մեր հարցերին հյուրանոցի տերը ոչինչ բացատրել չկարողացավ, որից կարելի լիներ մի որոշ հետևանքի հասնել։ Բայց քավոր Պետրոսը իսկույն հասկացավ պատահածը և մտավ այն սենյակը, որտեղ դրած էին մեր իրեղենները։ Նա սկսեց քննել արկղները։ Նրանցից մեկի կողպեքը կոտրած էր։ Դա միևնույն արկղն էր, որի մեջ սովորաբար պահում էինք մեր փողերը։ Պակաս էր հիսուն հազար ռուբլի։ Ես հիշեցի հայկական առածը.

«Գողը գողից գողացավ,

«աստված տեսավ, զարմացավ»...։

— Ես այդ վաղուց սպասում էի...,— ասաց քավոր Պետրոսը և սկսեց ծիծաղել։

Զարմանալի բնավորություն ուներ այդ մարդը, ոչինչ նրան վրդովեցնել չէր կարող։ Դա այն տեսակ քարասիրտ մարզիկներից էր, որոնք ոչ դժբախտության ժամանակ տրտմել գիտեն և ոչ հաջողության ժամանակ ուրախանալ։ Ես չկարողացա համբերել և փոքրինչ կոպիտ կերպով ասացի նրան.

— Հիսուն հազար ռուբլի տարել է անպիտանը, և դուք դեռևս ծիծաղո՞ւմ եք։ Հենց այս րոպեիս պետք է նրա հետևից ընկնել։