Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վզերով և սկսեցինք ոտքով թափառել գյուղից գյուղ։ Քավոր Պետրոսը կրած ուներ մի փոքրիկ արկղիկ, իսկ ես շալակել էի մի ահագին արկղ զանազան հարկերով, զանազան լայն և անձուկ խորշերով, որոնց յուրաքանչյուրի մեջ դարսված էին առանձին տեսակ վաճառքներ։ Երբ մտնում էինք մի գյուղ, ես մանրավաճառների սովորական ձայնով եղանակում էի. «մանդրո՜ւք ապրանք... մանդրո՜ւք ապրանք... լավ ասեղներ, թելեր, գուլպաներ, ձեռնոցներ, պատկերներ, հուլունքներ», և այլն։

Իսկ շատ անգամ նույն երկրի լեզվով երգում էի մի այսպիսի երգ.

«Լի՜քն է, լի՜քն է իմ արկղիկը

Գույնզգույն տարչաներով.

Թող գնե սիրուն աղջիկը,

Ես կտամ էժան գնով։

Չթեր ունեմ ես զանազան,

Ծաղիկներով զարդարած,

Մատնիք ունիմ ապարանջան,

Շուրջը ակներով շարած,

Դուրս ե՛կ, դուրս ե՛կ, կարմիր աղջիկ,

Կզարդարեմ քո մատները.

Եթե կտաս ինձ մի պաչիկ,

Ձրի կառնես իմ չթերը»։


Իմ ձայնը վատ չէր։ Առհասարակ մանրավաճառի ձայնը այն ուրախալի ձայներից մեկն է, որ խիստ հազիվ լսելի է լինում քաղաքներից հեռու ընկած գյուղերի մեջ։ Այդ ձայնը մոգական ազդեցություն է գործում։ Իսկույն դուրս են վազում խրճիթներից կնիկներ, աղջիկներ, երեխաներ և, հավաքվելով ցանկալի հյուրի շուրջը, թափում են նրա քսակի մեջ իրանց տարիներով խնայած գրոշները։ Ա՜խ, ո՛րքան ուրախալի բան է առևտուր ունենալ մի այսպիսի միամիտ հասարակության հետ, որ ոչինչ տեղեկություն չունի վաճառքի թե՛ արժողության և թե որպիսության մասին...։

Ճորտությունը այն ժամանակ դեռ տիրում էր այդ երկրռւմ։ Գյուղերում երբեմն պատահում էին մի֊մի հարուստ տներ։ Դրանք ըստ մեծի մասին լինում էին կալվածատերեր, որոնց պատկանում էր գյուղը յուր ճորտերով։ Մեզ հրավիրում էին աղայի տունը։ Շատ անգամ ամբողջ ժամեր էին անցնում, մինչև տիկինը ընտրում էր