Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր համար ձեռնոցներ, մանկահասակ օրիորդը անուշահոտ յուղեր, աշակերտ որդին՝ մատիտներ, գրիչներ, երեխաները՝ խաղալիքներ, աղախինները՝ գլխի թաշկինակներ, մի խոսքով, ամեն մեկը ընտրում էր յուր պետքերի համար զանազան բաներ։ Այնուհետև պետք էր երկար ու բարակ բազար անել, երդվել, ստախոսել, գովաբանել վաճառքը և այլն։

Այդպիսի դեպքերում քավոր Պետրոսը առհասարակ ինձ էր թողնում առևտուրը առաջ տանել։ Իմ դեմքը բավական գեղեցիկ էր։ Ես ընդունակ էի գրավելու, հարկավոր ժամանակ հանաքներ և ստախոսություններ անելու։ Այդ պատճառով դեռահաս աղջիկներին ավելի ախորժելի էր ինձ հետ բազար անել, քան թե մռայլոտ քավոր Պետրոսի հետ գործ ունենալ։ Գեղեցկադեմ գործակատարը մի լավ գրավական է առևտուրի հաջողությանը, մանավանդ երբ գնողները կանայք են։

Շատ անգամ ես դիտմամբ գործը երկարացնում էի, ավելի այն ժամանակ, երբ տեսնում էի, որ, ինչպես ասում են, մեկի «աչքումը լույս կար»։ — Օրիորդ, ասում էի, ձեր գեղեցիկ գլխին շատ կսազի այդ հիանալի վարսակալը, հատուկ ձեր սիրուն մազերի համար պատրաստված է։ Օրիորդը ժպտում էր, խնդրում էր մորից գնել այն վարսակալը։

Ի՞նչ էր անում քավոր Պետրոսը։

Տեսար, մոտեցավ տան պառավին։ (Ըստ մեծի մասին այնպիսիներին, որոնց վրա տանեցիք ուշադրություն չեն դարձնում, միայն նայում են որպես մի հնացած, գործածությունից ընկած կարասիքի վրա)։ Կսկսեր զբաղեցնել նրան, առածներ, առակներ կպատմեր և արտասվելու չափ կծիծաղեցներ։ Նա առանձին ընդունակություն ուներ պառավներին գրավելու։ Այդ միջոցին ես առևտուրր ավելի ձգձգում էի, որպեսզի քավոր Պետրոսր ավելի երկար ժամանակ ունենա, որպես նա սովորաբար ասում էր՝ «տան հիմարի ուղեղը թափ տալու..․»։ Այո առանց նպատակի չէր։ Որովհետև քավոր Պետրոսը յուր հատուկ խորամանկությամբ, տեղեկանալով նույն տան հանգամանքներին, այնուհետև քիչ չէր պատահում, որ մի անգամ յուր արկղով այն տունը մտնող մանրավաճառը մյուս անգամ հայտնվում էր բոլորովին ուրիշ կերպարանքով, — խաչով, ավետարանով, կամ սրով գիշերային մթության մեջ...»

Եվ այդպես, մեր մանրավաճառությունը ուներ ոչ թե շահեկան նպատակ, այլ մենք գործ էինք դնում որպես մի միջոց, որ նրա