Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրվակով կարողանայինք մեր ցանկացած տեղերը մտնել, հետազոտել, լրտեսել, առանց մեզ վրա կասկած հարուցանելու։

Ես մինչև այսօր սարսափելով հիշում եմ մի դեպք... մինչև այսօր զգում եմ իմ ձեռքերի վրա այն անմեղ արյան թացությունը...։

Գտնվում էինք փոքրիկ գավառական քաղաքում։ Մենք մտանք մի տուն, իհարկե, իբրև մանրավաճառներ։ Քավոր Պետրոսը սովորություն ուներ հարկը պահանջած տեղերում ցույց տալ իրան կա՛մ հիմար, կամ ապուշ և կամ չափից դուրս միամիտ։

Այդ տան մեջ նա ձևացրեց իրան սաստիկ երկչոտ։ Այնտեղ ապրում էին չորս հոգի միայն— երկու ալևոր ամուսիններ, մի սպասավոր և մի աղախին։ Ամուսին այրը ծխում էր յուր չիբուխը և անդադար գանգատվում էր ռևմատիզմից։ Պառավ տան տիկինը զբաղված էր յուր մոխրագույն թութակով և երկու սպիտակ կատուներով, որոնք նրա գլխավոր մխիթարությունն էին ներկայանում։

Երբ որ մենք ներս մտանք, թութակը արտասանեց մի քանի մարդկային բառեր։ Քավոր Պետրոսը զարհուրեցավ...։ Այդ մարդը, որ հազար սատանաներից երկյուղ չուներ. —«սատանա՜ն... սատանա՜ն»... աղաղակելով, ճիչ բարձրացնելով, դուրս փախավ։ Տան-տիրոջ վրա ցավալի ներգործություն ունեցավ, երբ տեսավ, որ յուր թութակը անզգուշությամբ վախեցրեց խեղճ մարդուն։ Նա յուր սպասավորին ուղարկեց, մի կերպով հետ բերեցին քավոր Պետրոսին։ Պառավը երկար աշխատում էր համոզել, հանգստացնել նրան, հավատացնելով, որ յուր տեսածը սատանա չէ, այլ հասարակ թռչուն է, միայն սովորել է մի քանի բառեր արտասանել։ Քավոր Պետրոսը, որ մի քանի անգամ եղել էր թութակների հայրենիքում և ահագին խումբերով էր տեսել նրանց Հնդկաստանի կղզիներում,— վերջապես համոզվեցավ, որ յուր տեսածը սատանա չէր, մանավանդ, երբ պառավը գրեց նրան յուր ոսկրացած ձեռքի վրա և սկսեց շաքար ուտացնել։

Բարեսիրտ ամուսինները, քավոր Պետրոսին ավելի մխիթարելու համար, դիտմամբ թանկ վճարելով, գնեցին մեզանից զանազան իրեղեններ, որոնք գուցե նրանց ամենևին պետք չէին։ Մենք, շնորհակալություն հայտնելով և նրանց երկար կյանք բարեմաղթելով, հեռացանք։

Մենք իջևանել էինք մի կեղտոտ հյուրանոցում, որ ավելի նման էր գինետան, այն զանազանությամբ միայն, որ այստեղ կարելի էր գտնել խիստ վատ կահավորված սենյակներ։ Նրա ընդարձակ