Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բակում՝ իրանց ձիաները հանգստացնելու համար կանգնում էին կառապանները։ Այդ պատճառով այդ հյուրանոցը այն տեսակներից էր, ուր ամբողջ գիշերը հաճախորդները չեն պակասում. անդադար շատերը մտնում են և դուրս են գալիս։ Եվ այդ հարբած, խելագարված խառնիճաղանջի մեջ տիրում էր այնպիսի բագոսային խառնաշփոթություն, որ ոչ ոք միմյանց չէր հասկանում։ Այդ բոլորը մեզ համար շատ նպաստավոր էր։ Մեզ շատ հնարավոր էր գիշերվա մի որոշյալ ժամում դուրս գալ այնտեղից, գնալ ուր որ ցանկանում էինք, կատարել մեր գործը և կրկին վերադառնալ, առանց ոչ ոքից նկատելի լինելու։

Քավոր Պետրոսը մի գիշեր չգնաց հասարակաց սեղանատանը ընթրիք ուտելու, այլ պահանջեց մի ահագին կտոր սառն միս և մի շիշ արաղ, որ բերեցին մեր սենյակը։ Նա մի քանի մարդու չափ ուտել կարող էր, իսկ ամբողջ շիշ արաղը նրա սովորական խմիչքն էր ընթրիքի ժամանակ։ Ես արաղ չէի սիրում, պահանջեցի ինձ համար մի շիշ գինի։

Մենք տեղեկացել էինք, որ այն տունը, որտեղ թութակը վախեցրեց քավոր Պետրոսին, փոքրիկ քաղաքի հարուստ տներից մեկն էր։ Մենք գիտեինք, որ երկու ծերունի ամուսինները ունեին իրանց տան մեջ մի նշանավոր գումար, որ պահել էին սև օրվա համար։

Ընթրիքից հետո քավոր Պետրոսը հարցրեց ինձ.

— Մուրադ, դու ի՞նչ տեսակ զենք ավելի լավ գործածել գիտես։

— Ատրճանակներ։ Մի օր գրազ եկանք, ես հինգ անգամ մինը մյուսի ետևից կարողացա խփել օդի մեջ նետած խնձորը։

Քավոր Պետրոսին երբեք դյուր չէր գալիս, երբ մեկը սկսում էր նրա մոտ պարծենալ։ Պարծենալու համար նրա կարծիքով պետք էր շատ մեծ գործ կատարած լինել։

— Այդ աղմուկ հանող զենքերը պետք չեն, երբ ուզում ես սուս ու փուս գործ կատարել,— ասաց նա։— Ավելի լավ են խուլ ու մունջ զենքերը, որ ձայն չհանեն։

Ես հասկացա նրա միտքը։

— Ուրեմն ես կարող եմ վեր առնել իմ տապարը։

— Վատ չէ։

Գիշերից բավական անցել էր, երբ մենք դուրս եկանք հյուրանոցից։ Անձրևը մանր կաթիլներով մաղվում էր։ Փողոցները դատարկված էին, մարդիկ չէին երևում։ Գիշերային թանձր խավարի մեջ մրափում էր քաղաքը։

Անցնելով մի քանի խուլ փողոցներ, մենք արդեն գտնվում էինք