Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշյալ տան մոտ, որտեղ թութակը վախեցրեց քավոր Պետրոսին։

— Եթե շունը աղմուկ չբարձրացնե, լավ է,— ասացի ես։

— Ի՞նչ շուն,— հարցրեց քավոր Պետրոսը։

— Երբ ցերեկով մտանք այստեղ, ես նկատեցի մի ահագին շուն, որ շղթայով կապված էր բակում։ Գիշերը բաց են թողնում նրան։

— Նա հիմա հանգուցյալների կարգումն է դասված։

Քավոր Պետրոսի խոսքերից երևաց, որ նա մի անգամ ևս մտել էր այս տունը, այն անցքից հետո, որ թութակը վախեցրեց նրան։ Վերջին անգամ հայտնվել էր այնտեղ մուրացկանի կերպարանքով և միջոց էր գտել ոչ միայն թունավորելու շանը, այլ լավ հետազոտելու տան դիրքը, մուտքերը և այլն։

Տան ընդարձակ բակը շրշապատված էր փայտյա ցանկապատով, որը այնքան ցածր էր, որ մի առանձին ընդդիմադրություն չարեց մեզ բակը իջնելու ժամանակ։ Այժմ հարկավոր էր մի կերպով ներս սողալ սենյակների մեջ։ Մի լուսամուտ, որ ցերեկով նկատել էինք, ուղղակի բացվում էր սպասավորների քնարանի մեջ։ Գիշերային տոթի պատճառով լուսամուտը բաց էր թողած։ Քավոր Պետրոսը Հերքուլեսի ուժ ուներ, իսկ ես թեթևաշարժ էի որպես առյուծ։ Երկու ահագին ջրի տակառները, որ կանգնած էին բակում անիվների վրա, միմյանց վրա դնելը, և այդ սանդուղքներով լուսամուտից ներս մտնելը մի րոպեի գործ եղավ։ Մենք գտանք սպասավորի սենյակում և աղախնին։ Երևում էր, այդ դեռահաս աղջիկը սովորություն ուներ երբեմն յուր տիրուհուց գաղտնի ծառայի քնարանը ներս սողալ...։

Քավոր Պետրոսի երկաթի ձեռքերը երկուսին ևս ճնշեցին միևնույն անկողնի մեջ։ Նրանք քնած էին. աղջկա գլուխը դրած էր սիրականի թևքի վրա։ Նրանք զարթեցան։

— Սենյակների բանալինե՞րը, — հարցրեց քավոր Պետրոսը։

Նրանք փորձեցին ճիչ բարձրացնել։ Բայց քավոր Պետրոսի սպառնալիքը լռեցրեց նրանց։ Բանալիները իսկույն մեր ձեռքը անցան։

— Դու այդ նազելի սիրահարներին կպահես միմյանց գրկում, մինչև ես գործը կվերջացնեմ...,— ասաց քավոր Պետրոսը և հեռացավ։

Մանկահասակ աղախինը երկյուղից իսկույն ուշաթափ եղավ և դիակ դարձավ իմ ճանկերի մեջ։ Ես գործ ունեի այժմ միայն կատաղած սպասավորի հետ։ Ճշմարիտը խոստովանած, այդ Գողիաթը