Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Չէ′, էն վուր մատներով ածում ին։

- Բա′ս ան սազ կուլի, ան թե չէ սանթուր։

- Չէ′, մե մինձ զանդուկի նման բան է։

- Դե′, օխնած, ասա օրղան, էլ ո՞ւր իս դես ու դեն գցում։

Լավ, գանա Սոֆին միտք ունե օրղանչի դառնա, հա՞։

- Է՜հ, քիզ վուչինչով չի ըլի բան հասկացնիլ,- խոսեց տիկին Բարբարեն վշտանալով։

- Ես ի՞նչ մեղավոր իմ, հուր չիս կանացի հասկացնի։

- Էն հուր մինձ մարդկերանց տանն ածում ին։

- Օհո′- բացականչեց Ճանճուր Իվանիչն աչքերը լայն բանալով, թեև տակավին չհասկացավ, թե ինչ բան էր ֆորտոպիանոն, միայն մինձ բառը լսելով, մտածեց, թե աղջկա խնդրած ածելու գործիքն անշուշտ թանկագին բան պիտի լինի, որ միայն մեծ մարդկանց տներումն է գտնվում։ Եվ կամենալով առժամանակ հանգստացնել յուր կնոջն ու աղջկանը այդպիսի, նրա կարծիքով,անպետք ցանկություններից, ասաց.

- Դե′ լավ, կու գրիմ միր Յագորին՝ Մակարիից մե հատ էլ էդ զահրումարից առնե, հուր մինձ մարդկանց տանն ածում ին։

Բայց տիկին Բարբարեն հասկացավ, որ պիանոյի մասին Յագորին գրելու միակ նպատակն այն է, որ մի քանի ամսով հետաձգե այդ խնդիրը և ապա զանցառության տա. այդ պատճառով խոսեց.

- Յագորը վո՞ւրն է, Մակարիան վո՞ւրն է, էդ ինչի՞ց իս խոսում։ Դուն հուր հիմիկվանից էդպես քիսիդ բերանը ղայիմ հուփ իս տալի, բաս լավ աղջիկ կանաս մարդու տա…։

- Ով վուր ուզե իմ փեսա դառնա, թող գա ջեր վուտնիրս լպստե, իժում իմ աղջիկը տանե։ Մե քանի հարուր թուման փուղ տուր փեսին ու թքե էրեսին, նա ամեն բանի րազի կուլի,- պատասխանեց Ճանճուր Իվանիչը հպարտությամբ, վաղուց հասկացած լինելով փողի ամենակարող զորությունը։

Բայց տիկին Բարբարեն ոչինչ չասաց նրան և խռոված դուրս եկավ ամուսնու սենյակից։

Է

Գալով յուր դստեր մոտ, տիկին Բարբարեն ոչինչ չասաց նրանյուր ամուսնու սենյակում անցածի մասին. միայն օրիորդը յուր մոր դեմքի տխուր արտահայտությունից և նրա վրդովմունքից