Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի րոպեում նկարվեցան իմ աչքերի առջև։ Կարծես իմ ականջներին զարկում էր մի դառն, հանդիմանական անեծք. «դու անառակ որդի ես»․․․։

Իմ սիրտը լցվեց ցավերով։ Մի բան միայն մխիթարում էր ինձ, որ այդ նամակից տեղեկացա, այն արարածները, որ մի ժամանակ սիրելի են եղել ինձ, դեռ կենդանի են։ Ես հենց նույն օրը հայտնեցի քավոր Պետրոսին նամակի բովանդակությունը։ Նա ցանկացավ տեսնել խաչագողին, որի ձեռքով հասավ ինձ նամակը, բայց նամակաբերը արդեն անհետացել էր։ Երկու տարբեր խումբերի պատկանող խաչագողներ երբեք միևնույն սահմանում չեն գործում։ Նա հենց որ տեսավ մեզ, իսկույն հեռացավ մեր գտնված տեղից։

Քավոր Պետրոսը կարգադրեց մի գումար ուղարկել մեր և իր ընտանիքների ծախքերի համար։ Երևում էր, որ նա էլ նոր հիշեց, որ ինքը նույնպես կին ունի, զավակներ ունի, կարոտության մեջ թողած ազգականներ ունի։

Այժմյան մեր իջած տեղը այն քաղաքն էր, որ ընտրել էինք մեզ համար որպես գլխավոր կենտրոն։ Պատահում էր, որ ամիսներով կորչում էինք, թափառում էինք զանազան երկրներ, և մեր ձեռքը ընկած արծաթը հավաքում էինք այստեղ։ Այս քաղաքում կար մի բարեսիրտ և արդար սեղանավոր, որը քավոր Պետրոսի վաղեմի ծանոթն էր։ Մեր փողերը հանձնում էինք նրան։ Սեղանավորը ճանաչում էր մեզ մեր իսկական անուններով։ Նա գիտեր մենք ո՛րտեղացի ենք, ի՛նչ մարդիկ ենք, բայց չգիտեր մեր իսկական պարապմունքը։ Մենք հայտնի էինք նրան իբրև օրինավոր վաճառականներ, որ ասիական ապրանքների առևտուր են անում։ Բայց թե հեռու տեղերում ի՞նչ գործերով էինք զբաղված, կամ ի՞նչ միջոցներով այդ գումարները հավաքվում էին մեր ձեռքում, — դրանց մասին նա ոչինչ տեղեկություն չուներ։

Երևում է, կյանքի մեջ ճշմարտությունը այնքան անհրաժեշտ է մարդու համար, որ ամենասարսափելի չարագործը անգամ պետք է ունենա գոնե մի բարեկամ, որի հետ պետք է անկեղծ լինի։ Քավոր Պետրոսի հարաբերությունները հիշյալ սեղանավորի հետ, թեև իսկությամբ այսպես չէին, բայց նա դարձյալ պահպանում էր բոլոր ճշտությունները, ինչ որ վայել են մի բարեկամի, մի ազնիվ մարդու։ Սեղանավորը մեծ վստահություն ուներ նրա հավատարմության վրա, մանավանդ այն պատճառով, որ համարում էր նրան միամիտ, բարի և ճշմարտասեր մարդ։ Ամեն անգամ, երբ հայտնվում էինք