Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեին հեռավոր երկրների մասին, այնքան սակավ ճանաչում էին երկրագունդը, որ բոլորովին հավատում էին նրա պատմածներին։

Ահա այսպիսի և դրա նման պատմություններով էր զբաղեցնում քավոր Պետրոսը յուր ունկնդիրներին։

Յուր հաշիվների մեջ քավոր Պետրոսը վերին աստիճանի ճիշտ էր սեղանավորի հետ։ Շատ անգամ նրանից բավական խոշոր գումարներ էր փոխ առնում, իբր թե մի առևտրական ընդարձակ ձեռնարկության համար։ Բայց ինձ հայտնի էր, որ քավոր Պետրոսը ոչ փողի կարոտություն ուներ և ոչ առևտրական ընդարձակ ձեռնարկություններ։ Նա վեր առած գումարը այնպես անշարժ պահում էր յուր մոտ, մինչև լրանում էր յուր տված պարտամուրհակի ժամանակը։ Այդ միջոցին տանում էր փողը, յուր տոկոսով հետ էր տալիս, պարտքը վճարում էր և ստանում էր պարտամուրհակը։ Այդ անում էր նա յուր վարկը պահպանելու համար։

Մի անգամ մեզ հարկավորեց վեր առնել սեղանավորից 15000 ռուբլի։ Փողերը բերեցինք մեր իջևանը, կրկին համբարեցինք, տեսանք, որ 1000 ռուբլի ավել է։ Սեղանավորը փոխանակ 15 հազար ռուբլու, սխալմամբ տվել է 16 հազար ռուբլի, իսկ 15֊ի պարտամուրհակ էր առել։ Քավոր Պետրոսը մյուս օրը հազար ռուբլի հետ տարավ, հանձնեց սեղանավորին այսպիսի գանգատներով.

— Այդ ի՞նչ արեցիք ինձ հետ, Արկադիյ Ֆադեիչ, — այսպես էին կոչում սեղանավորին։ — Եթե ես այս գիշեր մեռնելու լինեի, ինչ կլիներ իմ հոգու ճարը։ Երևի, դուք իմ հոգին կորցնել էիք ուզում...։

Սեղանավորը մնաց զարմացած։

— Ի՜նչ կա, ի՛նչ է պատահել, Պյոտր Աբրամիչ, — հարցրեց նա, խնդրելով վրդովված քավոր Պետրոսին նստել։ Պյոտր Աբրամիչը ոչինչ չէ խոսում, լռությամբ դնում է սեղանավորի առջև 1000 ռուբլի։

— Այղ ի՞նչ փող է, — հարցնում է սեղանավորը։

— Այդ այն փողն է, որ դու ինձ ավել էիր տված. — պատասխանում է քավոր Պետրոսը դեռևս վրդովված կերպով։— Ավելի լավ կլիներ, որ համբարքի մեջ զգույշ լինեիք և ուրիշին մեղքի մեջ չգցեիք...։

— Դու բարի ես, շա՜տ բարի, Պյոտր Աբրամիչ,— ասում է սեղանավորը, բարեկամաբար նրա ձեոքր սեղմելով։

— Ես բարի եմ նրա՞ համար, որ չգողացա ուրիշի փողը։ Այդ բարություն չէ, Արկադիյ Ֆադեիչ։