Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գումար ավել կմնար եկեղեցին զարդարելու համար պետք եղած սրբություններով։

— Ուրեմն ի՞նչ է պատճառը, որ այդ ողորմելի դրության մեջն ենք գտնում ձեզ։

— Երբ ուղևորվեցա դեպի Պարսկաստան, ճանապարհին կողոպտեցին ինձ և բոլորը, ինչ որ հավաքել էի, տարան։ Այդ դժբախտությունից հետո ես չուզեցի դատարկաձեռն և ամոթալի երեսով վերադառնալ իմ ժողովրդի մոտ, ստիպվեցա մուրացկանությամբ շարունակել իմ ուղևորությունը, գուցե մի տեղ դարձյալ բարեպաշտ հայեր կգտնեմ և կդիմեմ նրանց գթասրտությանը։

— Այժմ ո՞րտեղ դիտավորություն ունեք գնալու։

— Մոսկվա, ասում են այնտեղ ևս հայեր կան։

Խաչագողին հեշտությամբ չէ կարելի խաբել, մանավանդ քավոր Պետրոսի նման մարդուն։ Նա, թեև անզգալի կերպով, բայց բավական խստությամբ սկսեց զանազան հարցեր առաջարկելով քննել քահանային, ստուգելու համար, թե որ աստիճան ճշմարիտ էին նրա ասածները։

Ես չլսեցի նրանց բոլոր խոսակցությունը, որովհետև այդ միջոցին քավոր Պետրոսը հրամայեց ինձ, որ գնամ հյուրանոցը և մեզ համար ընթրիք պատվիրեմ։— «Բամբակը ղալին լինի»,— ասաց նա։ Այդ նշանակում էր, որ արաղը շատ լինի։

Ընթրիքի ժամանակ քավոր Պետրոսը ավելի առիթ ունեցավ քննելու քահանային, որովհետև տեր հայրը ուրախությունից խմեց ավելի, քան թե պատշաճ էր։

Քահանան գիշերը մնաց մեզ մոտ։

Մյուս առավոտը, թեյից հետո, քավոր Պետրոսը ասաց նրան.

— Ամբողջ յոթ տարի է, տեր հայր, օտարության մեջ ապրելով և օտար ազգերի հետ հարաբերություններ ունենալով, զուրկ եմ մնացել Հայաստանյաց եկեղեցու սուրբ հաղորդությունից։ Ձեզ աստված ուղարկեց ինձ մոտ՝ քավելու իմ մեղքերը և արժան կացուցանելու Հիսուս Քրիստոսի կենարար մարմնին և արյանը։

Տեր հայրը, հայ քահանաների սովորության համեմատ, ճանապարհորդության առիթով, մի փոքրիկ արծաթյա մասնատուփի մեջ վեր էր առել յուր հետ սուրբ հաղորդության նշխարներ։ Նա դուրս հանեց մասնատուփը, դրեց սեղանի վրա և պատրաստվեցավ կատարելու սուրբ խորհուրդը։ Քավոր Պետրոսը և ես չոքեցինք նրա առջև։ Քավոր Պետրոսի խոստովանությունը կատարվեցավ հրապարակաբար, թեև ես ոչինչ չհասկացա, որովհետև գրաբար լեզվով էր։