Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քավոր Պետրոսը նայեց տեր հոր դեմքին և հասակին, ասաց.

— Բոլորովին համապատասխանում է ձեր կերպարանքին։

Թե՛ ես և թե քավոր Պետրոսը կրկին համբուրեցինք տեր հոր աջը և տարանք նրան, նստեցրինք սայլակի վրա։ Նա, երկար բարեմաղթություններ անելով յուր անծանոթ բարերարի համար, հեռացավ։ Այն օր քավոր Պետրոսը ինձ երևում էր իբրև մի հրեշտտկ։ Ես երբեք չէի կարող երևակայել այդ գազանի մեջ այս աստիճան բարեպաշտական զգացմունք։ Գողը, ավազակը, սարսափելի խաբեբան ահագին գումար էր նվիրում եկեղեցի կառուցանելու համար։ Այդ ի՞նչ տարօրինակ զոհաբերություն էր։ Ի՞նչպես կարող էին մարդու մեջ հաշտվել լույսը և խավարը, չարը և բարին, առաքինությունը և ոճրագործությունը։

Այդ ուրիշ բան է, եթե կատարած լիներ այդ զոհաբերությունը որևիցե նենգավոր և խորամանկ նպատակի համար։ Բայց ինձ զարմացնում էր այն, որ նրա վարմունքի մեջ գտնում էի կատարյալ անկեղծություն։ Ես բավական ուսումնասիրել էի քավոր Պետրոսին և հազիվ կպատահեր, որ նրա վերաբերությամբ սխալվեի իմ կարծիքների մեջ։ Կրկնում եմ, որ նրա վարմունքը բոլորովին անկեղծ էր։ Նրա հոգու և սրտի խորքիցն էր բխում այն ջերմեռանդ զգացմունքը, որով նա ցանկացավ նպաստամատույց լինել մի տաճարի կառուցմանը, ասիական մի խուլ երկրում, մահմեդականների մեջ։

Այն օր նա ավելի ուրախ էր, գտնվում էր ավելի խաղաղ տրամադրության մեջ, վայելում էր յուր բարեգործության բերկրանքը։ Այն օր յուր ապաշխարանքը վերջացրած քրիստոնյայի նման, նա զգում էր յուր խիղճը մաքրված, զգում էր իրան թեթևացած մեղքերի ծանր բեռից։

Մի խորհրդավոր ցնցում տիրում էր իմ մարմնին, երբ մտաբերում էի, թե ո՛րպիսի հոգևոր հեզությամբ, թե որպիսի բորբոքված հավատով, ծունր իջած աստուծո սեղանի պաշտոնյայի առջև, այդ եղեռնագործը ընդունեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Մտածում էի և ուրախանում, թե այդ մարդը արդեն դարձավ չար ճանապարհից, թե դա այսուհետև այլևս չի շարունակի այն, ինչ որ մինչև այնօր գործել էր։

Ես սխալվում էի...։

Կրոնական զգացմունքը միշտ վառ էր պահվել քավոր Պետրոսի մեջ։ Նա միշտ մնացել էր հավատարիմ եկեղեցու պատվերներին։ Դեռ Պարսկաստանում եղած ժամանակ, մեր գյուղում համարվում էր նա ամենաբարեպաշտ մարդիկներից մեկը.— ամեն օր, առավոտյան