Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանգնում է նա բակում, տասն անգամ կրկնել են տալիս միևնույն խաղը, մինչև ձգում են նրան մի քանի գրոշներ։ Այդ առիթով կարողանում է նա ամեն տուն մտնել, ամեն տան ծակուծուկը հետազոտել և ամեն գաղտնիք իմանալ։ Այդ բավական է «խաչագողի» համար.․․։

Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, մեր արջը պար ածելով, առաջ էինք գնում։ Ունեինք մեզ հետ մի ճանապարհորդական ողորմելի սայլակ, լծած մի ձիով միայն։ Նրա վրա տեղավորվում էինք ես, քավոր Պետրոսը և արջը։ Վերջինը նստում էր իմ կողքին, և ես երբեմն նրա ձեռքն էի տալիս ձիան երասանակները, երբ կա մենում էր փոքր֊ինչ նիրհել սայլակի վրա։

Վերջապես հասանք *** քաղաքը, ուր դեռ նոր սկսվել էր տարեկան տոնավաճառը։ Այստեղ ամեն տեսակ ապրանքների հետ կարելի էր գտնել և ամեն տեսակ մարդիկ երեսների գույնզգույն կաշիներով և հագուստների զանազան ձևերով։ Սկսյալ Միջին Ասիայի խորքերից մինչև Արևմտյան Եվրոպան, ամեն երկրից մարդիկ կային այնտեղ։

Շատ հասկանալի է, որ մեր արջով չէինք կարող մրցություն անել այն բազմաթիվ ձեռնածուների, լարախաղացների, մոլաշրջիկ երաժիշտների ու դերասանական խմբերի հետ, որոնք զանազան երկիրներից հավաքվել էին այստեղ իրանց շնորհքը վաճառելու համար։ Այսուամենայնիվ, «ծիտը թեև փոքրիկ է, դարձյալ թռչուն է»։ Արջ պար ածողն էլ ունի յուր սիրողները։

Ամբողջ բազմությունը գտնվում էր սարսափելի խառնաշփոթության մեջ։ Ամեն ոք տենդային անհամբերությամբ շտապում էր, որպեսզի մինչև տոնավաճառի ավարտվելը, վաճառեր յուր մթերքը։ Ամեն տեղ տիրում էր վազվզոց, աղաղակ և խռովություն։ «Շունը տիրոջը չէր ճանաչում»։ Գողությունները չափ չունեին։ Երկրի բոլոր արտիստները, որոնք սովոր են զարմանալի ճարպկությամբ ձեռքը տանել մարդկանց գրպանը, այստեղ էին։ Ես և քավոր Պետրոսը լրացնում էինք պակասը․․․։

Այստեղ հասնելու ժամանակ քավոր Պետրոսը ինձանից բաժանվեցավ։ Նա խինայով ներկեց յուր մորուքը, մազերը և մատնեքը, հագավ յուր ամենապատվավոր հագուստը, գլխին դրեց երկայն պարսկական մորթե գդակ և, ձևացնելով իրան խորասանցի ակնավաճառ, խիստ թանկ գնով վարձեց մի խանութ գլխավոր փողոցի վրա։ Ես այժմ միայն հասկացա այն անցագրի գաղտնիքը, որը մի