Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի տարի առաջ ստացավ նա Թաբրիզում այս անունով, «խորսանցի ակնավաճառ Մաշադի֊Մուհամեդ—Ղուլի֊աղա»։

Իսկ ես իմ արջի հետ կենում էինք վաճառահանդեսի մի հետ ընկած, կեղտոտ և մթին կողմում, ուր աշխատում էին ժամանակավոր տակառագործները, ուր կանգնեցրած էին բազմաթիվ ֆուրգոններ, սայլակներ և ապրանք կրող քարավաններ, ուր իջևանել էին ցիգաններ, թաթարներ և դրանց նման մարդիկ։ Երբեմն իմ արջի հետ դուրս էինք գալիս այգ խառնափնթոր բանակից, անցնում էինք տոնավաճառի միջով և փող էինք հավաքում։

Մի օր կանգնեցի քավոր Պետրոսի խանութի առջև, սկսեցի արջս պար ածել։ Նա ձեռքը պարզեց, որ տա ինձ մի քանի գրոշ։ Երբ մոտեցա ստանալու, հազիվ լսելի ձայնով ասաց.— գիշերը ինձ մոտ եկ...»։

Մենք ունեինք մեզ հետ զանազան տեսակ հագուստներ։ Որտեղ ո՛րը հարկավոր էր լինում, այն էինք հագնում։ Գիշերը հագուստս փոխեցի և գնացի քավոր Պետրոսի մոտ։ Նա հարցրեց.

— Քեզ մոտ կա՞ն անտեր, անծանոթ և ոչինչ պարապմունք չունեցող մարդիկ։

— Որքան ուզես։

— Որոնց կազմվածքը ինձ նման լիներ։

— Ես ճանաչում եմ մի խըրսըզ թաթար, որի, բացի գլուխը ամբողջ մարմինը ձեզ նման է։

— Հենց մարմինն է հարկավոր,— ասաց նա։— էգուց երեկոյան պահուն դու անցիր իմ խանութի մոտով և այն թաթարը թող քեզ հետ լինի։ Հիմա գնա։

Ես հեռացա, առանց հարցնելու այդ պատրաստության նպատակը։ Ես գիտեի, որ քավոր Պետրոսը աննպատակ ոչինչ չի անի։

Մյուս օրը, երեկոյան, ես թաթարին հրավիրեցի մի ստոր հյուրանոց, լավ ուտացրի, հետո փողոցը տարա, ասելով, թե գնելու եմ մի քանի բաներ։ Անցանք քավոր Պետրոսի խանութի առջևից։ Նա կանչեց մեզ։

— Ի՞նչ մարդիկ եք, — հարցրեց։

— Ես արջ պար ածող եմ, — պատասխանեցի։

— Իսկ այգ պարո՞նը։

— Ես եկած եմ այստեղ գործ գտնելու, — ասաց թաթարը։

— Դեռևս որևիցե գործ գտած չե՞ս։

— Ոչ։ Երեք օր է, որ եկած եմ։

— Ընկեր ունե՞ս։